Shantnews.am-ը գրում է.

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր լուսանկարն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամի ցավալի վկայությունն է, հաղորդում է CNN-ը:

Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով հատել ԱՄՆ սահմանը, սակայն խեղդվել են:

Դիերը հայտնաբերվել են երկուշաբթի Մեքսիկայի Մատամորոս քաղաքի մերձակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան երկու տարեկան էր:

Լուսանկարներն արել է Մեքսիկայում բնակվող լրագրող Ջուլիա Լե Դուքը:

Ինչպես երևում է լուսանկարում, դուստրը մտել է հոր վերնաշապիկի տակ , իսկ աջ ձեռքը գցել նրա ուսին: Նրանց մարմինները հայտնվել են գետի ափին:

Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր ներգաղթյալներ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման էին շարժվել՝ այդ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար 1000 զինծառայող էր տեղակայել սահմանին: Չնայած բոլոր տեսակի զգուշացումներին՝ մարտին նույն տարածաշրջանից ներգաղթյալների ևս մի խումբ (շուրջ 1200 ներգաղթյալ) էր ճանապարհ ընկել դեպի ԱՄՆ սահմանը:

Մայիս ամսվա դրությամբ ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սողոսկած ավելի քան 132 000 մարդու են ձերբակալել, ինչը եռակի գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 2006թ.-ից ի վեր սահմանին ձերբակալված ներգաղթյալների ամենաբարձր ամսական ցուցանիշն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել