Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են 1200 այլ ավստրալացիների ռենտգենյան լուսանկարներն ու 18-30 տարեկան կամավորների 41%-ի գանգերում հայտնաբերել անոմալ ոսկրային գոյացություններ՝ էնթեզոֆիտներ։ Որոշ դեպքերում ոսկրային գոյացություններն ունեցել են մինչև 10 մմ երկարություն, մինչդեռ մյուսները հասել են 20-30 մմ-ի։ Ուսումնասիրող բժիշկները հայտնում են, որ վերջին 10 տարում նման անոմալիաներ հիվանդների մոտ ավելի ու ավելի հաճախ են նկատում։ Բացի դրանից՝ գոյացությունների երկարությունը էականորեն մեծացել է և հասել միջինում 26 մմ-ի։

Ոսկրային գոյացությունները կազմավորվում են ծոծրակոսկրի արտաքին խրթեշում։

Հիվանդությունը, որի ընթացքում սկսվում է բորբոքային գործընթաց ոսկրերի ամրացման հատվածներում, կոչվում է էնթեզոպատիա։ Որպես կանոն, այս գործընթացը կապվում է ծերության հետ, սակայն ավստրալացի գիտնականների հետազոտությունները վկայում են այն մասին, որ էնթեզոպատիան սկսել է հաճախ հանդիպել նաև երիտասարդների շրջանում։

Հետազոտությունների հեղինակները հիպոթեզ են առաջ քաշել, ըստ որի՝ նման ոսկրային անոմալիաների հավանականությունը բարձրանում է սմարթֆոնների և այլ գաջեթների օգտագործման հետևանքով, քանի որ դրանց օգտագործման ընթացքում ուսի մկանների լրացուցիչ լարվածություն և ողնաշարի կորություն է առաջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել