168.am-ը գրում է.

Լոռու մարզում հունիսի 21-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել էին դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը: Բնակիչները պահանջում էին, որ ընկերությունն առաջին հերթին իրենց ընդունի աշխատանքի:

Բնակիչների խոսքով՝ ընկերությունն արդեն ավարտել է աշխատանքի ընդունման գործընթացը և չի կարող աշխատանքի ընդունել Շնողի և Թեղուտի բնակիչներին, այնինչ, Շնող խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարները խոստացել են աշխատատեղերի կեսից ավելին հատկացնել նրանց, սակայն իրենց խոստումը չեն պահել:

Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով գյուղացիներին վստահեցրել էր, որ մինչև երկուշաբթի՝ հունիսի 24-ը, ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հույս կա:

«Պայմանավորվել ենք, որ առաջնահերթությունը համայնքի բնակիչներին տան, ինչպես իրենք են խոստացել նախկինում: Մոտավորապես 550-600 հոգի պետք է որ կարողանա աշխատել»,- նշեց համայնքի ղեկավարը:

Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են բնակիչների այն պնդումները, որ գյուղում նաև արոտավայր չկա,  ոռոգման ջուր՝ նույնպես, Դավիթ Ղումաշյանը պատասխանեց.

«Այո՛, արոտավայրերը քիչ են, չկան, ահագին տարածքներ վերցրել է  «Թեղուտ» ՓԲԸ-ն, և պետությունը գերակա շահ է ճանաչել, ջրի խնդիրն էլ, ճիշտն ասած, մի քիչ սեզոնային է: Չեմ ասի՝ լավ վիճակում է, բայց վատ էլ չէ: Այստեղ հիմնականում անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և հանքարդյունաբերությամբ են զբաղվում: Երկու տարվա ընթացքում 45 հա նոր այգիներ ենք հիմնել՝ դեղձի, խնձորի, սալորի»:

Հավելենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հ/կ ղեկավար  Օլեգ  Դուլգարյանն անդրադառնալով բնակիչների բողոքի ակցիային ու առկա խնդիրներին՝ ասել էր. «Ընկերությունը նախկինում ինչ-որ խոստումներ է տվել, հիմա դրա պահանջն են  առաջ քաշում: Միևնույն ժամանակ, որքան ինձ հայտնի է, ընկերությունն ուշադրություն է դարձնում նեղ մասնագիտական կարողություններին, քանզի որպես այդպիսին՝ ուղղակի բանվորի աշխատանք գրեթե չկա, ավտոմատացված է: Բացի այդ՝ ընկերությունն ըստ էության չի աշխատում արտադրանք տալու առումով, ինչը նշանակում է, որ հիմա ամբողջ ծավալով չի կարող աշխատանքի ընդունելություն կատարել»:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  հ/կ ղեկավարի հաղորդմամբ՝  հանքարդյունաբերության և գետերի, ջրերի աղտոտման պատճառով հողը դեգրադացվել է:

«Ապրում են խեղաթյուրված և մահացող գյուղատնտեսության պայմաններում: Այդ պայմաններում առավել քան երբևէ պետք է գյուղացիները պայքարեն իրենց իրավունքների համար, խոսքը սոսկ աշխատատեղերը չեն, այլ այլընտրանքի ստեղծումն իրենց համար և կրած վնասների փոխհատուցումը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման: Նրա խոսքով՝ Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս  լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով՝ արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա, տնօրինության հավաստիացմամբ. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրը  ռուսաստանյան «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկո­ղության տակ է: Բանկի ղեկավարությու­նը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոս­քը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում ևս հանքարդյունաբերու­թյամբ է զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել