Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 73 և դեմ՝ 32 պատգամավոր։
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։
Ըստ փոփոխությունների՝ եկամտային հարկի դրույքաչափն անընդմեջ կնվազի առաջիկա 5 տարում։ 2019թ. հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ․ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ․ հունվարի 1-ից՝ 20%։
Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։
Օրենքով 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Կբարձրանա նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։
2019 թվականի հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինչպես նաև 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։
Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: