Armsport.am-ը գրում է.
Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ապացուցեցին, որ լավագույնն են աշխարհում:
Նման կարծիք ունի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հայրապետյանը փաստում է, որ ի տարբերություն աշխարհի առաջնության՝ Եվրոպական խաղերում մրցավարությունն ավելի բարձր մակարդակի վրա էր.
«Եվրոպական խաղերում երեք մեդալ նվաճելը բավականին լուրջ արդյունք է:
Ոսկե մեդալակիր դարձած Տիգրան Կիրակոսյանի կիսաեզրափակիչ գոտեմարտն առանձնահատուկ կարևոր էր: Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարների կողմնակալության արդյունքում Տիգրանը չդարձավ չեմպիոն, սակայն դրանից հետո մեր բողոքարկումները և արձագանքը շատ խիստ էին: Մենք ցույց տվեցինք, որ մեր մարզիկների թիկունքին ենք, ինչի արդյունքում Եվրոպական խաղերում մրցավարությունը բարձր մակարդակի վրա էր: Այս անգամ Տիգրանն ապացուցեց, որ աշխարհում ուժեղագույնն է:
Դավիթ Գրիգորյանն արծաթե մադելակիր դարձավ՝ հաղթելով շատ ուժեղ մրցակիցների: Կիսաեզրափակչում շատ ուժեղ պայքար էր, և եզրափակչում Դավիթը, կարելի է ասել, փոքր-ինչ ուժասպառ էր եղել: Արսեն Ղազարյանը ևս շատ լուրջ մարզիկ է: Նա էլ նախորդ մրցումներում տուժել էր կողմնակալ մրցավարությունից: Հունաստանը ներկայացնող ծագումով հայ սամբիստի հետ նախորդ պայքարում հաղթանակը վերջինիս տվեցին, սակայն այս անգամ Արսենն ապացուցեց, որ շատ ուժեղ է: Նա հաղթանակ տարավ բացարձակ առավելությամբ»,- ասում է Հայրապետյանը:
Ֆեդերացիայի նախագահն ընդգծում է, որ հստակ քայլեր են կատարում Հայաստանում մարզաձևը զարգացնելու ուղղությամբ.
«Մեր ֆեդերացիան հստակ քայլերով է առաջ գնում: Շատ բարձր է կազմակերպչական մակարդակը: Նախորդ տարվա նոյեմբերին սամբոն ընդունվեց օլիմպիական ընտանիքի կողմից: Այժմ մենք 3 տարի ժամանակ ունենք, որպեսզի համապատասխանենք օլիմպիական բոլոր չափանիշներին: Սամբոն օլիմպիական խաղերին մասնակցելու ճանապարհին է, իսկ մենք կարող ենք արձագանքել, որ աշխարհի մակարդակով Հայաստանի սամբոն եռյակում է: Շարունակական աշխատանքի շնորհիվ ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրենք»:
Հայ սամբիստներն աստիճանաբար սկսելու են պատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մինչ այդ Հայաստանում կանցկացվի Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված մրցաշար, որը կլինի միջազգային.
«Սեպտեմբերի 1-5-ը կանցկացնենք Լևոն Հայրապետյանի հիշատակի մրցաշարը: Արդեն 15 պետություն հաստատել է մասնակցությունը: Սա կլինի փորձ, որով ցույց կտանք՝ կազմակերպված ենք և կարող ենք հետագայում նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ ընդունել»,- ասում է Միքայել Հայրապետյանը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցումներում Հայաստանն ունեցել է 6 ներկայացուցիչ՝ Ասյա Լալազարյանը (48 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Արսեն Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե, իսկ Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին ոսկե մեդալը: