Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը, որին տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի՝ նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում է կայացնում:

Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ, ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ՝ ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել