Shantnews.am-ը գրում է.

Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել Երևանի կամ Մախաչկալայի ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը:
«Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել երթուղին, որի սկիզբը կամ վերջնակետը համարվում էին Բաթումը կամ Քութայիսը, Երևան կամ Մախաչկալա ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության չվերթները դեպի Վրաստան, մինչև հուլիսի 7-ը ներառյալ, կիրականացվեն ըստ ժամանակացույցի:
Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Վրաստանում տիրող իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը հուլիսի 8-ից սկսած արգելում է ռուսական ավիաընկերություններին ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստան:
Նշվում է, որ հրամանագիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել