ՌԴ Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքի գիմնազիայի շրջանավարտ Ալեքսանդր Պուտինը, որը միասնական պետական քննությունների արդյունքներով 3 առարկայից 300 միավոր է ստացել, պատմել է թեստերի հանձնմանը պատրաստվելու մասին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, շրջանավարտը նշել է, որ իրեն շատ օգնել է տարբեր օլիմպիադաների նախապատրաստվելը: «Առաջադրանքներ լուծելու այդ փորձը և մտքերը հավաքելու կարողությունն օգնել են տրամադրվել քննություններին»,- մեկնաբանել է Ալեքսանդր Պուտինը:

Միասնական քննություններին նա պատրաստվել է առանց կրկնուսույցների օգնության՝ դիմելով միայն իր ուսուցիչների և կրթական կայքերի օգնությանը:

«Ես ընտրում էի այն առաջադրանքները, որոնք ինձ մոտ չէին ստացվում, ուսումնասիրում էի տեսությունը և լուծում բոլոր հնարավոր խնդիրները, քանի դեռ չէի հաղթահարում առաջադրանքը: Այնուհետև ընտրում էի ամենաբարդերն ու լուծում դրանք»,- պարզաբանել է շրջանավարտը:

Շրջանավարտն անդրադարձել է նաև իր հասցեին հնչող բազմաթիվ կատակներին՝ կապված այն փաստի հետ, որ իր ազգանունը համընկնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանվան հետ: Նա նշել է, որ բոլոր պատասխանները ստուգվում են կոդավորված տեսքով, և փորձագետները չգիտեն, թե ում աշխատանքն են գնահատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել