Յուրաքանչյուր ամառ հայերն իրենց հանգիստն անց են կացնում նույն վայրերում, որոնք արդեն սովորական և անհետաքրքիր են դարձել։ Պատճառն այն է, որ այդ վայրերում հանգստանալն առավել մատչելի է։

Շատերը ցանկանում են Եվրոպա գնալ, սակայն վախենում են անգամ մտածել, թե ինչքան գումար է դրա համար հարկավոր։ Սակայն իրականում դեպի Եվրոպա ճամփորդությունները ոչ միշտ են շատ թանկարժեք։

Ահա թե եվրոպական որ երկրներում այս տարի կարելի է անցկացնել ամառը և չծախսել շատ գումար։ Ուսումնասիրեք դրանք և մտածեք Ձեր հանգիստն այս տարի նորովի անցկացնելու մասին։

Հունգարիա

Հունգարիան Եվրոպայի ամենաէժան երկրներից մեկն է զբոսաշրջիկների և ապրելու համար։ Թվում է, թե այն գեղեցկությամբ և հարմարություններով կզիջի եվրոպական մյուս երկրներին, սակայն դա այդպես չէ։ Ե՛վ ծառայություններն են բարձր մակարդակի վրա, և՛ ճարտարապետությունն է գեղեցիկ, և՛ մաքուր է։ Գեղեցիկ ազգային պարկերը, հանգստյան գոտիները, հին քաղաքները գրավում են բոլորին։

Բուլղարիա

Բուլղարիան չափազանց էժան ու հարմար վայր է հանգստանալու համար։ Սակայն այն հրապուրում է ոչ միայն իր բյուջետային առավելությամբ։ Այն հրաշալիորեն համատեղում է միանգամից մի քանի առավելություն. հյուրընկալ բնակիչներ, փափուկ կլիմա, ավազե լողափեր, գեղեցիկ ճարտարապետություն։

Լեհաստան

Եվս մեկ էժան երկիր ամառային հանգիստն անցկացնելու համար։ Միջնադարյան բազմաթիվ ամրոցներն ու գոթական կառույցները, գեղեցիկ բալթիական հանգստյան գոտիները, համեղ և մատչելի գարեջուրը, հրապուրիչ Վարշավան, նեղլիկ փողոցները, հարմարավետ սրճարաններն ու հասանելի գները զբոսաշրջիկներին Լեհաստան են բերում։

Չեռնոգորիա

Չեռնոգորիան բյուջետային տեսանկյունից նման է Բուլղարիային, սակայն փոքր-ինչ զիջում է նրան։ Չեռնոգորիայում հանգստի համար կատարյալ պայմաններ են ստեղծված. զարմանալիորեն հաճելի կլիմա, ծովային-լեռնային բնապատկերներ, գեղեցիկ փողոցներ և կարմիր կտուրներ։

Ռումինիա

Ռումինիայում, որը 2019-ին համարվում է հանգստի համար ամենաէժան եվրոպական երկրներից մեկը, կարելի է հրաշալի հանգիստ կազմակերպել։ Այստեղ պետք է գալ հանուն միջնադարյան գեղատեսիլ քաղաքների ու ամրոցների, հին վանքերի ու եկեղեցիների։ Այս վայրը դուր կգա նաև լեռնադահուկորդներին, ինչպես նաև լողափերի սիրահարներին։

Չեխիա

Մեծ տարածում ունի ամառային զբոսաշրջիկների շրջանում Չեխիան, որը կրկին Եվրոպայի ամենամատչելի քաղաքներից է։ Այստեղ հանգիստն իսկապես էժան է ստացվում, հատկապես եթե լավ իմանաք, թե ինչպես կարելի է խնայել Չեխիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել