Եվ այսպես` այսօր ՀՀ իշխանության պաշտոնական ինֆորմացիոն հարթակով՝ «Ազատություն» ռադիոկայանով, Վահե Գրիգորյանի երեկվա մարազմը կրկնեց Գագիկ Ջհանգիրյանն ու «Սողոմոն իմաստունի» դեմքի այնպիսի արտահայտությամբ, որը չէր ենթադրում որևէ առարկություն։ 

Ընդհանրապես, ես հասկանում եմ, որ ՀՀՇ-ականները վայելում են իրենց վերածնունդը, քանի որ հիմա իշխանության ղեկին ու նրանց այնտեղ բերողները չունեն որևէ հիշողություն և չեն կարող հասկանալ այն մեծ ծաղրը, որ իրենից ներկայացնում է Գագիկ Ջհանգիրյանի այս կեցվածքը՝ որպես շատ լուրջ իրավաբանի։
Որովհետև քիչ թե շատ հիշողություն ունեցող մարդը, երբ լսում է Գագիկ Ջհանգիրյանին, ուզում է ասել՝ Գագիկ, լո՞ւրջ ես ասում։ Ախր, դու չէի՞ր, որ 95 թվականից ԿԸՀ-ում էիր և Խաչատուր Բեզիրջյանի հետ միասին դրեցիր հայկական ընտրական «կարուսելի» հիմքը։ Ու դու չէի՞ր, որ կազմակերպում էիր 96 թվականի խայտառակ ընտրությունները, այ ընտրակեղծարար։ 

Դու չէի՞ր, որ ուղիղ 10 տարի երկրի զինվորական դատախազ էիր։ Քո վրա չէ՞ Մատաղիսի 3 սպանված զինվորի գործը, որի համար դատապարտվեց 5 անմեղ երիտասարդ։ Դու չէի՞ր, որ 4 փամփուշտով զինվորի դիակը ստացած ծնողներին տալիս էիր եզրակացություն ինքնասպանության մասին։

Էդ դու չէի՞ր, որ գոգնոցը կապած իջնում էիր ԱԱԾ մեկուսարան ու ցխում բոլորին, որ 99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկության համար որևէ մեկից կորզես Ռոբերտ Քոչարյանի անունը, իսկ արյունը լվանալուց հետո Վահան Շիրխանյանի հետ կազմում էիր ստվերային կառավարություն։

Իհարկե, նա էր ու նա նաև մեղավոր չէ, որ այսօր հանգիստ խոսում է առանց խղճի խայթի։ Սա գրում եմ ամենայն լրջությամբ, որովհետև մեղավոր են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք էնքան թուլամորթ գտնվեցին, որ նրան չդատեցին իր արածների ու քննած գործերի համար։

Մարդ, որ ամբողջ կյանքում զբաղված է եղել ճակատագրեր խեղելով, ինտրիգներով ու զրպարտությամբ, այսօր Կոպեռնիկուսի լուրջ դեմքով էշ-էշ խոսում է անդամ-դատավոր բառախաղի մասին։ 

Գիտե՞ք՝ ինչու է այդպես խոսում։ Որովհետև ամբողջ կյանքում իրավական իր գիտելիքները բավարարել են միայն բառախաղերով ինտրիգներ ստեղծելու համար։ Ու քանի որ մեր հասարակությունն էլ և հեղափոխական ակտիվը չգիտի Ջհանգիրյանին, մտածում է, թե էս ինչ անբասիր կենսագրությամբ մասնագետ է։ Իրականում շատ սովորական ռևանշիստ է, որ փորձում է իր ծառայությունները մատուցել Նիկոլ Փաշինյանին և հույս ունի նորից վերադառնալ դատախազական համակարգ, որ նորից վերականգնի «իր ավանդույթները» և վերջնականապես ապականի դատաիրավական համակարգը։ 

Սա է մեր ամենամեծ ողբերգությունը, երբ հասարակությունն այնքան անկիրթ է, որ նույնիսկ իր սեփական նորագույն պատմությունն ու նրա հերոսներին ու հակահերոսներին չգիտի։ Ու երեկվա ռեցեդևիստն այսօր իրավաբան է։ 

Իսկ դա նշանակում է, տիկնայք և պարոնայք, որ մենք անշեղորեն մոտենում ենք «Հայաստանի Հանրապետություն» կոչվող գնացքի վերջին կանգառին։ Էդ ժամանակ մեզ խնդրելու են իջնել և հեռանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել