Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Դիլիջանի «Park Resort & Villas» հյուրանոցում կանցկացվի իր տեսակի մեջ եզակի «ԻմԿինո» (ImKino) միջազգային կինոլաբորատորիան, որի հեղինակն են Մարիամ Մանոն և նրա ընկեր ու գործընկեր Օլգա Կռիլովան: Նախագիծն իրականացվում է Audition Tape Lab Moscow-ի և ProRental Armenia-ի համատեղ ջանքերով:

Ի դեպ, ծրագրի աջակիցներն են «Կինոկետ Փրոդաքշնս»-ը, Fibonacci Media House-ը և Kinolift.ru կայքը:

Կինոլաբորատորիայի նպատակն է՝ համախմբելով գիտելիքները և փորձը՝ մասնակիցներին իրենց ամենախենթ և հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչելու և բոլորիս հետ դրանցով կիսվելու հնարավորություն ընձեռել:

Մասնակիցները 12 օրվա ընթացքում գործնականում կկիրառեն իրենց տեսական գիտելիքները, կթարմացնեն դրանք և լրացուցիչ գիտելիքներ ձեռք կբերեն: Նրանց հանձնարարվելու է տարբեր ժանրերում կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Պրոցեսի ողջ ընթացքին հետևելու և իրենց խորհուրդներով մասնակիցներին օգնելու են Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված մասնագետները:

Նշենք, որ Ռուսաստանից ծրագրին է միացել սցենարիստ և պրոդյուսեր Օլեգ Բոգատովը («Счастье – это… Часть 2»), որը վարելու է սցենարի դասընթացը, ինչպես նաև քասթինգ տնօրեն և քոուչ Կարինա Ռոմանովան, որը կզբաղվի նախագծերի քասթինգով և կվարի «դերասանի աշխատանքը տեսախցիկի հետ» կուրսը: Վրաստանից ծրագրին է միացել Օսկարի և «Ոսկե Գլոբուսի» թեկնածու ռեժիսոր Զազա Ուրուշաձեն, որը կվարի կինոռեժիսուրայի կուրսը: Հայաստանից մասնակիցների հետ կաշխատեն բեմադրող օպերատորներ Սուրեն Թադևոսյանը, Վիկտոր Միխայլովը, Արտյոմ Աբովյանը, ինչպես նաև մի խումբ կամավորներ, որոնց թվում են օպերատորներ, դիմահարդարներ և նկարիչներ:

«ԻմԿինո» ստեղծագործական անկախ հարթակը միշտ բաց է համագործակցության և հովանավորչության առաջարկների համար։ Այս հարթակը կնպաստի Հայաստանում կինոոլորտի զարգացմանը կինոկրթության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով:

Բաց մի՛ թողեք այս ֆանտաստիկ միջոցառման մասնակիցը դառնալու ձեր բացառիկ հնարավորությունը:

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 25-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք նախագծի ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել