Միչիգանի Պոնտիակ քաղաքի դատարանը տեղի բնակչին պարտավորեցրել է նախկին կնոջ հետ կիսել վիճակախաղում շահած գումարը: Այս որոշումն ամերիկյան լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել: Փաստն այն է, որ Ռիչարդ Զելասկոն 80 միլիոն դոլարը շահել է, երբ նրա կինը՝ Մերի Էլիզաբեթն, արդեն դիմել էր ամուսնալուծության համար:

2013 թ.-ին Ռիչարդը 80 միլիոն դոլար է շահել ԱՄՆ-ում լայն տարածում գտած Mega Millions վիճակախաղով: Բոլոր հարկերը և վճարները պահելուց հետո նա ավելի քան 38 միլիոն դոլար է ստացել:

Այդ ժամանակ Ռիչարդի և Մերիի ամուսնալուծությունը դեռևս գրանցված չէր, սակայն զույգն արդեն երկու տարի առանձին էր ապրում: Մերի Էլիզաբեթը, լսելով ամուսնու անակնկալ հարստության մասին, պահանջել է դրա կեսը: Նա իր պահանջը հիմնավորել է այն փաստով, որ վիճակախաղի տոմսն ամուսինը գնել է համատեղ ձեռք բերված գումարով: Խոսքը մեկ դոլարի մասին է: Հենց այդքան արժե Mega Millions վիճակախաղի տոմսը:

Ամերիկուհին նաև նշել է, որ համատեղ կյանքի ընթացքում նա է եղել ընտանիքի կերակրողը. Մերի Էլիզաբեթը տարեկան ստացել է 100-ից 120 հազար դոլար, իսկ Ռիչարդը՝ 36 հազար դոլար: Կինը նաև նշել է, որ Զելասկոն բաժանումից հետո ոչ մի ցենտ չի տրամադրել իրենց երեք երեխաներին:

2013 թ.-ին դատարանը որոշում է կայացրել, որ Ռիչարդը նախկին կնոջը պետք է 15 միլիոն դոլար հատկացնի: Զելասկոն բողոքարկել է որոշումը: 2014 թ.-ին նույն դատավորը որոշում է կայացրել, ըստ որի՝ Ռիչարդը պետք է ամսական 7 հազար դոլար վճարեր որպես ալիմենտ երեխաների համար: Զելասկոն այդ որոշումը ևս փորձել է վիճարկել, սակայն դատարանը վճիռը նույնն է թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել