Operativ.am-ը գրում է․

Վստահաբար, Սահմանադրական դատարանը երկու նախագահ չի կարող ունենալ, բայց ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը։

Ի պատասխան հարցին՝ իր համար անակնկա՞լ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը, նա նախ նշեց, որ այդ պահին դահլիճում չի եղել, ապա հավելեց. «Հետո, երբ լսեցի, այո, անակնկալ էր, չգիտեի, որ նման ելույթ է ունենալու»:

Հարցին՝ հաճելի՞, թե՞ տհաճ անակնկալ էր այդ հայտարարությունը, Աննա Կարապետյանը պատասխանեց. «Տհաճ չէր»։

Նա շեշտեց՝ Սահմանադրության անցումային դրույթներում պետք է ամրագրվեին, որ ՍԴ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել որպես դատավորներ. «ՍԴ անդամներն ինչ–որ ընթացակարգով չեն դառնում դատավորներ, ընդամենը պետք է անցումային դրույթներում ֆիքսվեր, որ սրանից հետո նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել՝ իբրեւ ՍԴ դատավորներ։ Դուք տեսնում եք, որ բացակայում են այդ լուծումները»:

Իսկ թե ինքը ինչ լուծումներ է տեսնում, Աննա Կարապետյանը խոստացավ հետո պարզաբանել։

Հարցին՝ ի վերջո, ո՞վ պետք է լինի ՍԴ նախագահը, ո՞վ պետք է զբաղեցնի այդ աթոռը, հանձնաժողովի փոխնախագահը պատասխանեց. «Այս պահին ո՞վ է նստած, գիտե՞ք: Ես տեղեկություն չունեմ: Ըստ ինձ, Վահե Գրիգորյանը նման հայտարարություն է արել եւ արդեն գնացել է այնտեղ, ուրեմն լուծումները կտեսնենք, ժողովուրդ, շատ եք շտապում»:

Դիտարկմանը, թե Արփինե Հովհաննիսյանը հանցակազմ է տեսնում Վահե Գրիգորյանի հայտարարությունում, նա արձագանքեց. «Ես հանցակազմ չեմ տեսնում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ-ն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել, Աննա Կարապետյանը նկատեց. «Ոչ լեգիտիմ»:

Իսկ թե ՍԴ որոշումներն առ ոչի՞նչ պետք է ճանաչվեն, նա նախ հորդորեց ՍԴ անդամ-ՍԴ դատավոր հարցի եզրահանգմանը սպասել, ապա որոշումների մասով, նրա խոսքով, պարզ կլինի։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել