168.am-ը գրում է.

Այս օրերին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների  և պաշտոնյաների հետ։

Հունիսի  19-ին Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին, երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ «Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տեքստում։

ԱԳՆ մամլո ծառայության համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: «Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ  շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին»,- այսպես էր ներկայացված հանդիպմանը քննարկված հարցերի շարքը ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։

Ի տարբերություն ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, ԱՄՆՊետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունն  ավելի հակիրճ էր։

Ամերիկյան կողմի տարածած տեքստում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները և հնարավորությունները, որի կոնտեքստում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է հետագա բռնության կանխարգելման կարևորությունը և առաջընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի  գործընթացի շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության ոլորտները, ինչպիսին օրենքի գերակայությունն է, հատկապե՝ս ինչը վերաբերում է դատական անկախությանը։ «Պետքարտուղարի տեղակալը ներկայացրել է մի շարք հարցերում ԱՄՆ ադմինիստրացիայի առաջնահերթությունները, այդ թվում՝ կիբերանվտանգություն, առևտուր, ներդրումային պրակտիկա և պատժամիջոցների քաղաքականություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան կողմի համաձայն՝ Պետքարտուղարի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարությանն ու ժողովրդին այն առաջընթացի համար, որը նրանք գրանցել են վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարության ոլորտում։

Հատկանշականն այն է, չնայած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տեքստում ներկայացվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային արդիական հարցեր, ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության տեքստում նշվում է պատժամիջոցների քաղաքականության մասին, ինչի մասին որևէ խոսք չկա հայկական կողմի տարածած ավելի ծավալուն տեքստում, սակայն ինչն էական կարևորություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ-իրանական, հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունները։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Մնացականյան-Բոլթոն հանդիպմանը հաջորդած հաղորդագրության տեքստում որևէ խոսք չկա պատժամիջոցների քաղաքականության մասին։

Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին Վաշինգտոնում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ի թիվս այլ հարցերի՝  ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին: Այս համատեքստում զարմանալին այն է, որ ամերիկյան հակաիրանական քաղաքականության գլխավոր ճարտարապետ Ջոն Բոլթոնը, ով Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցությունն առավելապես  դիտարկում է ԱՄՆ հակաիրանական քաղաքականության կոնտեքստում,  չի անդրադարձել ԱՄՆ պատժամիջոցներին կամ հակաիրանական քաղաքականությանը։ Ի դեպ, ամերիկյան կողմը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Մնացականյան-Բոլթոն հանդիպման վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել