Shantnews.am-ը գրում է.

Խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վեթինգին ու դրա էությանը:

«Այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է: Բայց չգիտենք, թե այդ կախարդական փայտիկն ինչ ձևով, ինչ մեթոդներով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- ասաց նա:

Հետո պատգամավորն անդրադարձավ ԲԴԽ թեկնածու Վիգեն Քոչարյանին:«Ընդամենը 1 տարի առաջ այս դահլիճում շատ սուր վիճաբանությունների մեջ էինք, երբ նա, որպես արդարադատության նախարարի տեղակալ, պաշտպանում էր «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, և մենք շատ սուր, փոխադարձ քննադատություններ ունեցանք: Այդպիսի փոխադարձ քննադատություններ հնչեցրել ենք նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին: Անգամ այդ պայմաններում հիմքեր չունեմ կասկածի տակ դնել Քոչարյանի հավակնության արժեքը: Պարոն Քոչարյանն իմ ընկերն է: Որպես գիտնական՝ նա արժևորվել է, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից, բայց նա քաղաքական պաշտոն չի զբաղեցրել ու ստիպված չի եղել մասնակցել քաղաքական մանիպուլյացիաներին»,- ասաց նա:

Պետրոսյանը նաև նշեց, որ ԲԴԽ թեկնածուն ճանաչված մասնագետ է միջազգային իրավունքի բնագավառում:

«Հիմա անուն չտամ, կհասկանաք՝ ում մասին է խոսքը: Այն օրը՝ այս նույն ամբիոնից, մի հայցորդ, չգիտեմ` ինչ շարժառիթներից ելնելով, ամոթալի է համարում խորովածի սեղաններին մասնակից լինելը: Տո Վիգեն Քոչարյանը լավ էլ խորովածի սեղանին էլ է մասնակցում: Այսինքն՝ լավ էլ սեղանի ընկեր է: Ինքը և´ սեղանի ընկեր է, և´ գիտնական, որը, իմ խորին համոզմամբ, միմյանց հակացուցված չէ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել