Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նրա ընտրության հարցը քննարկվում է ԱԺ լիագումար նիստում:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը  Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց խմբակցության կողմից ՀՀ ԲԴԽ իրավաբան, գիտնական անդամի պաշտոնում առաջադրված Վիգեն Քոչարյանի թեկնածությունը:

Վիգեն Քոչարյանը ծնվել է 1972 թ. Երևանում: 1988-1993թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1993-1996-ին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Ավելի քան 42 գիտական աշխատությունների հեղինակ է: 1999-ին մասնակցել է ԱՄՆ Բերգլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին: 2000-ին սովորել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996-ից: 1996-2006-ին եղել է ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու է և դոցենտ: 2006-2015թթ հանդիսացել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: 1998_2008-ի եղել է ՀՀ իրավաբանների միության գործադիր տնօրեն: 1999-2003-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է: 2001-2014թթ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի ՀՀ-ն ներկայացնող անդամ: 2015-2019թթ եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել