Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ զրուցել է Իրան-ԱՄՆ հարաբերություններում նկատվող վերջին զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերջին օրերին իսկապես նկատելի է ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան շահերի բևեռացման նոր միտումներ։ «Շահերը խտացել են այս անգամ Պարսից ծոցում»,- ասաց նա:

- Պարո՛ն Վերանյան, այսօր իրանական լրատվամիջոցները գրել էին, որ Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան ԱԹՍ-եր: Չնայած ամերիկացիները հերքում են, որ այն իրանական տարածքում է խոցվել, այնուամենայնիվ, ռազմական բաղադրիչ պարունակող գործողությունները վերջին շրջանում Իրան-ԱՄՆ հակամարտության կոնտեքստում առավել ակտիվացել են: Արդյոք դրանք նոր ճգնաժամ չեն հարուցի՞ Պարսից ծոցի տարածաշրջանում:

- Ես կարծում եմ, որ ճգնաժամը նոր չէ, ճգնաժամն արդեն գրեթե մեկ տասնամյակի դինամիկա ունի։ Ճգնաժամն սկսվեց 2011թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմով և շարունակվում է առայսօր։ Այո՛, վերջին օրերին նկատում ենք ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան շահերի բևեռացման նոր միտումներ։ Շահերը խտացել են այս անգամ Պարսից ծոցում։ Ինչո՞ւ այս անգամ և ի՞նչն է այդ հարցադրման համատեքստը։ 

Խնդիրը նրանում է, որ սիրիական ճակատում մենք վերջին տարիներին ականատես ենք լինում հակամարտող կողմերի միջև «պրոքսի պատերազմական» գործողությունների։ Պրոքսի են կոչվում այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում երրորդ երկրի կամ երկրների տարածքում։ Ավելին, Վաշինգտոն-Թեհրան, Թել-Ավիվ-Թեհրան պրոքսի գործողություններն առանձնանում են ոչ ստանդարտ տակտիկական մոտեցումներով, որոնք բնորոշ են պատերազմի վարման դասական տրամաբանությանը։

Այսօր գործ ունենք հիբրիդային կոչվող գործողությունների հետ, որոնք ենթադրում են դրանց վարման տարբեր ուղղություններ՝ տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, կիբերհարձակումներ և ապատեղեկատվություն, հետախուզական գործողություններ, հակամարտող երկրի ներսում անկայունության մթնոլորտի ստեղծում և այլն։ Կարծում եմ, որ Պարսից ծոցում ստեղծված այս լարված իրավիճակը պրոքսի պատերազմական գործողությունների աշխարհագրական կոմպոնենտի տեղաշարժն է սիրիական և այլ ճակատներից կամ դրանց զուգահեռականացումը։ Մենք պետք է համակերպվենք, որ առաջիկա տասնամյակներում պատերազմներն ընթանալու են այդ տեխնոլոգիաներով ու մեթոդներով։

-Նշված գործողություններից զատ՝ ԱՄՆ-ը և Իրանն անզիջում են նաև դիվանագիտական հռետորաբանությունում․ առաջինը չի հրաժարվում իր պահանջներից, երկրորդը պնդում է, որ չի կատարելու առաջինի պայմանները: Ի՞նչ սպասել այս հակադրությունից:

- Դիվանագիտական հակամարտությունը նույնպես տեղավորվում է հիբրիդային գործողությունների վարման տրամաբանությունում՝ հանդիսանալով վերջինիս անքակտելի բաղադրիչներից մեկը։ Սա գործընթաց է, ճնշումների բանեցման, ուժերի դիմակայության ճշգրտման, շահերի դիրքավորման գործընթաց, որտեղ կիրառվում են կոշտ, փափուկ դիվանագիտական-քաղաքական հնարքները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել