Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:

ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին:

Զրուցակիցները հանդես եկան հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել