«Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է, որքան կարողանում է»:

Գուցե կարող էինք առաջնորդվել ամերիկյան «սալունի» այս կարգախոսի տրամաբանությամբ և համբերատար սպասել, թե երբ անփորձները փորձ ձեռք կբերեին, անկիրթները կկրթվեին, իշխանության ղեկին պատահական հայտնվածներն օրինաչափորեն կհեռանային, բայց մենք չենք կրակում դաշնակահարի վրա, այլ ինքն է կրակում հանդիսատեսի ուղղությամբ, ստիպում՝ հանգիստ նստենք տեղներս ու իր անտաղանդ կատարումը լսենք, հակառակ դեպքում կպառկեցնի գետնին ու կծեփի պատին։ 

Եթե երեկ փորձագիտական մակարդակում էր հայտնի, ապա կարծում եմ՝ այսօր ողջ գիտակից հանրության համար է ակնհայտ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դասական առումով հեղափոխություն չէր, նման չէր պատմական որևէ օրինակի՝ սկսած նիդեռլանդական անավարտ հեղափոխությունից, անգլիական բուրժուականով, ֆրանսիական բուրժուադեմոկրատականով, վերջացրած Ռուսաստանի սոցիալիստական հեղափոխությամբ։ Նման չէր նաև ժամանակակից որևէ հեղափոխության։ Իսկ պատճան այն է, որ մեզ մոտ տեղի է ունեցել ընդամենը իշխանափոխություն ժողովրդի ճնշման արդյունքում, մինչդեռ շատերը տարիներով պայքարել են, ու երբ հասկանում են, որ խաբված են, հիասթափվում են ոչ միայն օրվա իշխանությունից, այլև հեղափոխությունից առհասարակ։ Պետք է գաղափարական հենքի վրա երկիրն առաջ տանելու ծրագիր առաջարկվի, ու դրա շուրջ պրոֆեսիոնալ թիմ ձևավորվի, արդյունքում լայն քաղաքական ու հասարական կոնսոլիդացիայի հիմք դրվի։ Ու այս պարագայում կարևոր չէ, թե ով է հին, ով՝ նոր, ով է փորձառու, ով՝ անփորձ, ով է ահել, իսկ ով՝ ջահել, քանի որ երկրի զարգացման գաղափարի շուրջ համախմբման համար նման տարանջատումները տեղին չեն։ Ու քանի որ, ինչպես տեսնում ենք, դա այլևս հնարավոր չէ անել «վերևից», ուրեմն՝ պետք է արվի «ներքևից»։ Այս իշխանավորներից շատերը մի քիչ քայլելուց հետո թռել-նստել են երկրի կառավարման ամենաբարձր աթոռներին, կյանքում սոցիալական ի՞նչ կարգավիճակ են ունեցել, պրոֆեսիոնալ ինչպիսի՞ որակներ, ի՞նչ մտահորիզոն, որպեսզի երկրի զարգացման տեսլական ունենային, ինչը վկայում է, որ ունակ չեն երկիրը զարգացնելու ո՛չ էվոլյուցիոն, ո՛չ ռևոլյուցիոն ճանապարհով։ 

Ժամանակակից Կրեմլը գոյություն ունի ավելի քան հինգ հարյուր տարի, իսկ Մոսկվան՝ որպես Ռուսաստանի մայրաքաղաք՝ 14-րդ դարից (որոշ ընդմիջումով), բայց միայն բոլշևիկները որոշեցին, որ իրենց իշխանությունը հավերժ է, ուստի իրենց առաջնորդներին պետք է հավերժացնեին Կրեմլի պատի տակ թաղելով կամ մտցնեին պատի մեջ։ Այս կարգի ամբիցիաների հարցում նմանություններ չե՞ք տեսնում, թե ինչպես են մեր իշխանավորները համարում, որ իրենց կատարած հեղափոխությունն աննախադեպ է, որ կարևոր է անգամ Ղարաբաղյան պատերազմից, որ մեր ժողովրդավարությունն արդեն տվել-անցել է ԱՄՆ-ին ու Եվրոպային։ Ու երբ, բացի ճոռոմ խոսելուց, մոտները ոչինչ չի ստացվում, չունեն երկրի կայուն զարգացման ծրագիր, ստիպված կռիվ են տալիս նախկինների հետ։ Բայց այդ կռիվն էլ հետևողական չէ․ մեկին բռնում են չգիտես ինչի համար, մյուսին բաց թողնում, չգիտես ինչու, մեկին համարում են կաշառակեր, մյուսին մի թեթև թափ տալուց հետո՝ օրինապաշտ բիզնեսմեն ու բարերար։

Նման երկակի ստանդարտներն առաջացնում են լուրջ կասկածներ հանրության շրջանում, որ այս իշխանությունն ունակ չէ երկիրը զարգացնելու։ Հիմա էլ իրենց ապաշնորհությունն արդարացնում են նրանով, երբ խոստացված միլիարդավոր դոլարները չկարողացան գտնել ու վերադարձնել բյուջե, որ ասում են՝ ոչինչ, թող այդ փողերը ծախսեն իշխանություններին քննադատելու վրա, այնքան, մինչև սնանկանան։ Ու եթե մի քիչ էլ տևի, անցյալն անիմաստ քչփորելն ու ապագայի ոչ մի իրական ծրագիր չունենալու այս վիճակը, այս ամենը հանգեցնելու է քաղաքացիական պատերազմի, քանի որ հասարակությունը հասկանում է, որ չեն պատժում սրիկային, հանցագործին, թալանչիին, այլ ում ցականում են՝ Արցախի հերոսներից մինչև սև շորեր հագածները։ Կնշանակի ոչ ոք ապահովագրված չէ, ու մարդիկ գիտակցում են, որ իրենց չի պաշտպանի նաև դատարանը, քանի որ շուտով դատավորները հավատարմության երդում կտան հեղափոխական իշխանությանն, ու հասարակությունը ստիպված է լինելու ինքն իրեն պաշտպանել, արդյունքում՝ կգտնվեն ուժեր, որ այդ խառնաշփոթի մեջ հախուռն ինքնապաշտպանությունը կդարձնեն կազմակերպված պայքար, չէ՞ որ օր-օրի Փաշինյանից ու նրա ապաշնորհ թիմից հասարակությունն ավելի է հիասթափվում, իսկ ընդդիմության շրջանում կազմակերպված, հզոր ուժ դեռ չի ձևավորվել։ Երեկ փողոցային պայքարի արդյունքում հաղթանակի համը տեսած, իսկ այսօր իր իսկ հաղթանակից խորապես հիասթափված ժողովրդին այսպես անհասկանալի վիճակում թողնելու հետևանքները պատկերացնո՞ւմ ենք։ Ուրեմն՝ հարկավոր է սթափվել, քանի դեռ ուշ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել