Hraparak.am-ը գրում է.

«Նման միտում բացարձակ չկար։ Հենց այդ միջնորդությունն էր, որը ցանկանում էի ներկայացնել, որ միջնորդության քննարկման արդյունքում մենք հնարավոր է կրճատեինք դատավարության պրոցեսը։ Բացի այդ, եթե դատարանը գտնում էր, որ իրավունքի չարաշահում կար, ուներ լրիվ գործիքակազմը ընդհուպ պաշտպանի դեմ դատական սանկցիա կիրառելը։ Ընդամենը պատրվակ էր»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն՝ անդրադառնալով դատարանի՝ անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռանալուն՝ իրենց առարկությունները չլսելով։ Նշենք, որ դատարանը իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ պաշտպանական կողմը դատական նիստերը ձգձգելու միտում ունի։

Խուդոյանը նաեւ նշեց․ «Պարզապես արդարադատությունից խուսափելու նպատակ էր հետապնդում՝ շինծու պատրվակով։ Խոսք չի գնացել, որ մենք պահանջում ենք միջնորդությունն այս պահին քննարկվի, ես դատարանի կարծիքն էի հարցնում ՝ թույլ տալո՞ւ է միջնորդությունը քննարկվի։ Իր ապօրինի գործողությունների դեմ մեր իրավական քայլերը որակեց իրավունքի չարաշահումը։ Եթե դատարանը գտնում էր, որ չարաշահում կար, առավելագույնը դատարանը սանցկիա պետք է կիրառեր։ Դատարանը մի կողմին լսել է, մյուսին չի լսել, սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»։

Անդրադառնալով  դատավորի հեռանալուց հետո որոշ պաշտպանների վիրավորական արտահայտություններին դատավորի հասցեին, ասաց, որ ինքը նման արտահայտություններ չի լսել․ « Ես չեմ լսել, բայց կարծում եմ՝ ճիշտ չէ որեւէ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելը։ Բայցեւայնպես այդ կարգի վարքագիծը այն կարգի է շոկի ենթարկել, որ մարդիկ կարող են չզսպել իրենց։ Դատավոր Արմեն Դանիելյանն աչքի է ընկել իր արտառոց պահվածքով, պարտադիր չի ճնշում լինի, որ նման գործողություններ անի, բայց չեմ բացառում ճնշումները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել