Սմարթֆոնների երկարատև օգտագործումը հղի է շլության զարգացմամբ: Ինչպես հայտնել է The Asahi Shimbun թերթը, այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի՝ միանգամից մի քանի բժշկական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են տեսողության խնդիրների բուժման բնագավառում:

Նրանք հարցում են անցկացրել 370 ակնաբույժների շրջանում և պարզել, որ նրանց առնվազն 40 տոկոսը վերջին ժամանակներս գործ է ունեցել սուր ներքին շլությամբ տառապող հիվանդների հետ: Ըստ որում՝ բժիշկների մեծ մասը նշել է, որ այդ հիվանդության զարգացման պատճառներից մեկը գաջեթներն են, քանի որ սմարթֆոններից հրաժարվելու հանձնարարականներին հետևելը դրական արդյունքներ է տվել: Մասնագետները նշել են, որ ավելի վաղ նման շլություն հանդիպում էր չափազանց հազվադեպ, բայց էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացմամբ նման դեպքերի ախտորոշումը հաճախացել է: Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրում բարձրդասարանցիների ավելի քան 30 տոկոսն օրական ավելի քան 5 ժամ անցկացնում է համացանցում: Եվ այդ տոկոսն, ինչպես նշում են փորձագետներն, անշեղորեն մեծանում է առաջին հերթին սմարթֆոնների շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել