Yerkir.am-ը գրում է.

«Մարտի մեկ»-ի գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը`ներկայացնելով դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իր առարկությունները։

Նախկին ՊՆ նախարարի պաշտպանի խոսքով` պետք է մերժվեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները. «Բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում համարում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դադարացնելու մասին»,–պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալ Սեյրան Օհանյանին առաջադրված Քրեական օրենսգրքի  300.1 հոդվածի սամանադրականության հարցին, ապա Կարեն Մեժլումյանի հավաստիացմամբ` 2008թ. մարտիմեկյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել: Փոխարենը գործել է 300 հոդվածը, այն է` իշխանությունը յուրացնելը, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել  և դարձել է 300.1 միայն 2009թ. մարտին։

Պաշտպանը նաև հավելեց, որ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է «Յոթի գործով»՝ միջազգային ճնշումների արդյունքում։

Մեժլումյանի պնդմամբ` 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո ընդդիմության ղեկավարները կալանավորվել են: Համապատասխանաբար, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225–րդ և 300–րդ հոդվածի հատկանիշներով, այն է `պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով. «ԵԽԽՎ–ն 2008թ. մի քանի բանաձևեր ընդունեց,  համաձայն որոնց Մարտի մեկի իրադարձություններից հետո  կալանավորված անձինաք՝ այդ թվում ընդդիմության առաջնորդները, որոնց մեղադրանքներ է ներկայացվել քաղաքական շարժառիթներով, պետք է ազատ արձկավեն։ Մարտի մեկի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Ազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին այդ ժամանակ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությանմբ տապալելուն և պետական իշխանությանը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»,– մանրամասնեց նա`միաժամանակ շեշտելով, որ ինչպես «Յոթի գործը», այնպես էլ իր պաշտպանյալի և մյուսների վերաբերյալ գործը անջատվել է «Մարտի 1-ի» մայր գործից։

«ԵԽԽՎ բանաձևերից և Հայաստանի նկատմամբ ճնշումներից հետո մարտի 24–ին ԱԺ–ն շուտափույթ օրենք  ընդունեց քրեական օրենսգիրքը փոփոխելու և 300–րդ հոդվածը 300.1 հոդվածով խմբագրելու մասին։ 2009թ. մարտի 31–ին գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների նկատմամբ 300–րդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին՝ նրանց արարքում հանցագործության բացակայության հիմքով, ինչից հետո դատարանը որոշում  կայացրեց այդ մասով քրեական գործի վարույթը կարճել»,– պարզաբանեց փաստաբանը` փաստարկելով, որ, այսպիսով միջազգային կառույցները, օրենսդիր մարմինը, դատախազությունը և դատարանը` գործելով Հայաստանի Հանրապետության անունից, համարել են, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր  հանցակազմեր են։

«Նման պարագայում Սեյրան Օհանյանին և մյուսների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր Ազգային ժողովի կողմից 2009թ. մարտի 18–ին ընդունված օրենքի հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվեր»,- նկատեց նա ու մտահոգություն հայտնեց` առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քրեական գործի վարույթը կասեցնելով և գործը Սահմանադրական դատարան ուղարկելով` շատ ավելի ռացիոնալ լուծում է  գտել։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել, որով կասեցվել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն, ու այն ուղարկվել էր Սահմանադրական դատարան` պարզելու համար գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի` մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել