Armenpress.am-ը գրում է.

Հայաստանից ապաստան հայցողներին կացարանով ապահովող՝ Երևանում տեղակայված «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը 2020 թվականին կտեղափոխվի ՀՀ կոտայքի մարզի Աբովյան քաղաք, որտեղ կբնակեցվի ավելի քան 100 մարդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ը գործում է միգրացիոն ծառայության ենթակայության տակ:

«Այն մեր կառույցի ենթակայության տակ է, սակայն ունի առանձին ադմինիստրատիվ աշխատակազմ, տնօրենն է Արտաշես Հարությունյանը: Կացարանը նախատեսված է 45 հոգու համար, սենյակներն ավելի քիչ են, քանի որ որոշները նախատեսված են երկու հոգու համար՝ նույն սեռի, բայց տարբեր ազգերի անձանց ենք բնակեցնում: Այդ տարածքը վաղուց արդեն չի համապատասխանում Հայաստանում ապաստանի համակարգի կարիքներին»,- նշեց Դավթյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ նախատեսվում է կառուցել նոր կացարան, որի ֆինանսավորման համար անհրաժեշտ մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարը 1 տարվա ընթացքում հավաքագրվել է:

«Շենքը լինելու է ՀՀ կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, և տեղի քաղաքապետարանն արդեն իսկ հատկացում է արել: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման, մշակման աշխատանքները: Շինարարությունը, կարծում եմ, կսկսենք այս տարվա վերջում և 2020 թվականին ավարտին կհասցնենք: Նոր հատուկ կացարանը տեղավորելու է 100-ից ավելի փախստական»,- ասաց ՄԾ հանրային կապերի պատասխանատուն:

Նա ընդգծեց, որ «Հատուկ կացարան»-ի հասցեն խիստ գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ  այնտեղ գտնվում են այնպիսի անձինք, ովքեր Հայաստանից ապաստան են հայցել՝ փախչելով իրենց երկրի իշխանություններից: Տվյալ անձինք իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու, սակայն  չեն կարող մասնակցել ընտրություններին, ինչպես նաև աշխատել պետական ապարատում:

«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի բնակիչներին մենք ապահովում ենք հիգիենայի պարագաներով և սննդով: Սենյակները նախատեսված են և՛ ընտանիքների համար, և՛ անհատների: Հայաստանում ապաստան հայցողն իրավունք ունի ապրելու այդ շենքում, քանի դեռ վերջնականապես չի լուծվել իր կարգավիճակի հարցը: Որոշումը սովորաբար կայացվում է 3 ամսում, սակայն լինում են դեպքեր, երբ երկարաձգվում է ժամկետը մինչև 6 ամիս»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ ապաստան հայցողն իրեն չբավարարող՝ բացասական պատասխանի դեպքում իրավունք ունի բողոքարկելու այն:

ՀՀ դատարանների ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր է, որ այդ գործընթացը տևի մինչև 4 տարի: Այդ ամբողջ ընթացքում՝ մինչև վերջնական որոշումը կայացնելը, ապաստան հայցողն իրավունք ունի ապրել այդ կացարանում:   

«Արդեն 1 տարի է՝ Միգրացիոն ծառայության ղեկավարության փոփոխվելուց հետո, պետական բյուջեից առաջին անգամ հատկացում է արվել ապաստան հայցողներին: Ընտանիքի գլխավոր անձին տրվում է 20 հազար դրամ, իսկ մնացած  անդամներին՝ 15 հազարական դրամ»,- ընդգծեց ՄԾ հանրային կապերի պատասխանատուն:

Անդրադառնալով միջազգային կառույցների աջակցմանը՝ նա շեշտեց, որ դրանք ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակն է (ՓԳՀ), Հայաստան Կարմիր Խաչի ընկերությունը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն:

Տվյալ կառույցների հետ համատեղ իրականացվում են տարբեր ծրագրեր՝ լեզվի դասընթացներ, հոգեբանական օգնություն, սոցիալական աշխատակիցները նույնպես միշտ իրենց կողքին են: Եղել է անգամ մի ժամանակ, երբ մարզվելու համար ապաստան հայցողներն այցելել են նաև սպորտ դահլիճ:

Հատուկ կացարանում այս պահին ապրում են անձինք, ովքեր եկել են Աֆղանստանից, Եմենից, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Նիգերիայից, Կոնգոյից, Կուբայից և մի շարք այլ երկրներից:

2019 թվականի հունվար ամսից սկսած հատուկ կացարանում «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ից կա մշտական ներկայացուցիչ: Յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթը մեկ անգամ իրականացվում են մոնիթորինգային այցեր Հայաստան Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցների հետ համատեղ: Այցի ընթացքում նրանք ծանոթանում են կացարանում նոր հաստատված անձանց հետ, բացատրում կացության կանոնները, վեր հանում առկա խնդիրները և այլն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել