Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր, և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից՝ եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը: «Ալիք մեդիայի» տեղեկացմամբ՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու: Պատգամավորները վիճել են երկու այլ պատգամավորների հետ և հարցրել` չե՞ն ամաչում նրանից, ինչ տեղի է ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել