«168 ժամը» զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:

– ՔՊ 5-դ համաժողովից հետո առաջին արձագանքներից մեկը Ձեր կողմից հնչեց: Խոսելով «իզմերը» մերժելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ասել էիք, թե նրա առաքելությունը երկար խոսելու մեջ է. արդյոք խիստ չէ՞ր Ձեր գնահատականը: Եվ որքանո՞վ է վտանգավոր «իզմերի» բացակայությունը քաղաքականության, առավել ևս՝ իշխող քաղաքական ուժի պարագայում:

– «Իզմերի» մասին դեռևս խոսվեց մայիսի 1-ին, Ազգային ժողովում: Ես դա առաջինն այնտեղ բացահայտեցի և դրա մասին խոսեցի, որ «իզմերը» գաղափար է, շարժում, դա մոտիվացիա, որոշակի գաղափարական նվիրվածություն և սոսինձ է, որ կապում է մարդկանց:

Ինչո՞ւ «Հանրապետական» կուսակցությունը քանդվեց, որովհետև «իզմերի» բացակայության պայմաններում փաստացի տեղի ունեցավ օպորտունիստական շարժում: Այսինքն՝ մի հարթակ էր, որտեղ լինելու դեպքում ունեիր հնարավորություն իքս պաշտոններում տեղ գտնելու և օգտվելու պետական իշխանության ռեսուրսից, հնարավորությունից: Նույն ռիսկը սպառնում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ի տարբերություն «Հանրապետականի», որի հռչակած ազգային-պահպանողական գաղափարախոսություն է՝ դրա մարմնավորող Գարեգին Նժդեհով, «Քաղաքացիական պայմանագիրը» շատ մեծ վերապահումով կարելի է կուսակցություն համարել։ Դա փաստվեց  և՛ հունիսի 16-ի համագումարում, և՛ նախորդ երկու ընտրություններում՝ Երևանի քաղաքապետի և  Ազգային ժողովի, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» իր դեմքով հանդես չեկավ. դաշինքով գնաց («Իմ քայլը» դաշինք, որն ավելի հայտնի և ավելի արժևորված էր, քան ինքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը):

Դա օբյեկտիվ է. կուսակցությունը դեռևս ձևավորման փուլում էր և մինչև վերջ չէր հասկացել իր առաքելությունը՝  անվերջ քաղաքացուն վկայակոչելը, իհարկե, լիբերալ գաղափարախոսություն է (միգուցե Փաշինյանն ինքը չի ուզում դա խոստովանել, կամ միգուցե ակադեմիական հիմքն է թույլ, որպեսզի կարողանա հստակեցնել իր գաղափարախոսական ուղղությունը, ես իրեն կարող եմ հուշել․ իրենք նեոլիբերալ քաղաքական գաղափարախոսության դաշտում են):

– Իսկ վարչապետի կողմից նշված «քաղաքացիական քաղաքական» ուժն ի՞նչ է, քաղաքագիտորեն, քաղաքականորեն մեկնելի՞ է:

– Ցանկացած, նույնիսկ 11-րդ դասարանի աշակերտը, որը ուսումնասիրել է «Հասարակագիտություն» առարկան, ուղղակի կժպտա այս առումով և կասի, որ նման բան ժամանակակից և առհասարակ քաղաքագիտական տեսության մեջ գոյություն չունի: «Քաղաքացիական կուսակցություն»՝ չկա այդպիսի բան, չգիտեմ՝ ինչի մասին է առհասարակ:

– Մեկ այլ ուշագրավ հայտարարություն հնչեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից, որը նույնպես բուռն քննադատությունների արժանացավ: Ի՞նչ կարծիք ունեք այն գնահատականի մասին, որ «այսօր աշխարհիժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը»:

– Ես երբեք Արարատ Միրզոյանին չեմ մեկնաբանի՝ իմ մասնագիտությունն ու իմ կարգավիճակը հարգելով, կփորձեմ ավելի համակարգային խոսել:

Ինչն է թեման՝ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կամ ապաքաղաքական գործընկերների և ընկերների ձեռքում հայտնվել է պատանդի կարգավիճակում: Շատ դժվար է իր համար ազատվել այդ բեռից: Այն իրականում բեռ է: Ինչո՞ւ, որովհետև նրանց վստահվեցին ֆունկցիոնալ ոլորտներ, որտեղ պրոդուկտիվ աշխատանքի արդյունքում պետք է ցույց տրվեր իրական ռեֆորմների օրակարգը, և յուրաքանչյուրն իր տեղում տապալելով ռեֆորմների օրակարգի ձևավորումը (այն պատճառով, որ նրանք այդ ունակությունը, մեղմ ասած, չունեին), իրենք ստիպված են լինում փաստացի ձևավորել նոր արհեստական օրակարգեր՝ ամպագոռգոռ հայտարարություններով՝ «մեր դեմ պատերազմ է հայտարարված», «Մենք ժողովրդավարության բաստիոն ենք»…. Ժողովրդավարության մասին դասագրքային գիտելիքներ ունեցող մարդը երբեք նման բան չէր հայտարարի, դա ուղղակի աբսուրդ է, մենք շատ-շատ հեռու ենք ժողովրդավարական լինելուց, նույնիսկ ավելի հեռու, քան եղել ենք նախկինում:

Հետևաբար՝ ես կփորձեի ավելի շատ խորքային ուսումնասիրել․ ժամանակն է, որ Փաշինյանը ձեռնարկի կոնկրետ գործողություններ, կոնկրետ ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, իրավական կոնցեպտուալ բարեփոխումների օրակարգի ձևավորման առումով: Այն մարդիկ, ովքեր գտնվում են այդ կառույցների գլխին, նրանք, ցավոք սրտի, պիտի խոստովանեմ՝ ի վիճակի չեն այդ օրակարգը գեներացնել, առավել ևս՝ դրանք կյանքի կոչել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել