«Դատական համակարգն ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ դատավորների՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամնե­րի հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել է 4 հոգի, և քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ: 

Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորնե­րի ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ: 

Մինչ օրս Ազգային ժողովում դեռևս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, և ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատա­վորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեև դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել