ԱՄՆ Ալաբամա նահանգի Լայմսթոուն շրջանում ոստիկանները հանցագործի տանը հատուկ վարժեցրած «պահապան սկյուռիկ» են հայտնաբերել, հայտնում է WAFF 48 լրատվական պորտալը:

Հունիսի 17-ին ոստիկանները ապօրինի հրազեն, արգելված թմարմիջոցներ և դրանց օգտագործման ու կիրառման համար միջոցներ պահելու համար 35-ամյա Միկի Փոլքին կալանավորելու նպատակով այցելել են նրա տուն: Սակայն տղամարդը տանը չի եղել: Խուզարկության ժամանակ ոստիկանների ուշադրությունը գրավել է ագրեսիվ սկյուռիկով վանդակը: Ոստիկանության տեղեկություններով Փոլքը սկյուռին պահել է որպես պահապան կենդանի և, հավանաբար, մետամֆետամինով կերակրել, որպեսզի իրեն ագրեսիվ պահի: Լայմսթոուն շրջանի ոստիկանական դեպարտամենտի աշխատակից Սթիվեն Յանգը խոստովանել է, որ ոչ ոք չէր ցանկանում մոտենալ սկյուռիկի վանդակին: «Իրավապահ մարմիններում 18 տարվա աշխատանքի ընթացքում նման բան առաջին անգամ էի տեսնում»,- հավելել է նա:

Փոլքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իսկ սկյուռիկի ճակատագիրն անհայտ է: Իշխանությունները նշել են, որ անվտանգ եղանակներ չկան ստուգելու համար՝ կենդանուն իսկապե՞ս թմրանութերով են կերակրել: Եվ նաև հայտնի չէ՝ արդյո՞ք Փոլքին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրանք կառաջադրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել