Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում՝ ժողովրդին հայտնի 4-րդ սովխոզում, ուժեղ պտտահողմը իր ավերածությունն է արել նույն գյուղի բակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տանը:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պտտահողմը տան տանիքը ամբողջովին վերցրել և շպրել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն ընտանիքի անդամները, ովքեր գյուղում բարի համբավ ունեն, միայնակ չեն կարող տանիքի հարցը լուծել:

Հույս ունենք, որ Արմավիրի մարզպետարանը կամ էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Նվեր Պետրոսյանը հայտնեց, որ մարզպետ Հ. Մաթևոսյանը տեղյակ է արդեն դեպքի մասին և հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները այցելեն գյուղ և տեղում ուսումնասիրեն խնդիրը:

Մարզպետը խոստացել է, որ մարզպետարանը անօգնական չի թողնի գյուղացուն և կարճ ժամանակում կլուծեն տանիքի վերանորոգման խնդիրը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված գյուղի գյուղապետը՝ Ամենայն Հայուց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է և վստահ է, որ Վեհափառի եղբայրը անմասն չի մնա և աստվածահաճո գործ կանի, քանի որ այս ընտանիքը ոչ միայն սոցիալապես անապահով է այլև ընտանիքի տղան պատրաստվում է հարս բերել տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել