Իսպանիայում 4 անձի են ձերբակալել, որոնք մեղադրվում են Արևելյան Եվրոպայից ժամանած կանանց մարմնավաճառությամբ զբաղվել դրդելու մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանությունը։

Ձերբակալվածների շարքում են Ուկրաինայի երկու քաղաքացի և երկու իսպանացի։ Քննչական մարմինների տվյալներով՝ նրանց զոհ են դարձել Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Մոլդովայի քաղաքացիները։

Ապագա մարմնավաճառներին նրանք գտել են սոցցանցերի միջոցով՝ աղջիկներին առաջարկելով Իսպանիայում մատուցողուհիներ աշխատել։ Մեղադրյալների խոսքով՝ կացության և փաստաթղթերի համար ծախսերը վճարել է գործատուն։

Աղջիկներին օդանավակայանից դիմավորել և հյուրանոց է տարել խմբավորման անդամներից մեկը, որտեղ պարզվել է, որ զոհը պետք է հազար եվրո վճարի։ Եթե նա այսպիսի գումար չի ունեցել, կնոջն առաջարկել են «վաստակել» այն։

Զոհերը չեն կարողացել լքել հյուրանոցի սենյակը։ Նրանց նվաստացրել են և ծեծի ենթարկել ցանկացած «սխալի» համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել