Ալյասկայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Կանադայի հյուսիսում սկսվել է հավերժական սառույցների հալման գործընթացը: Գիտնականների կանխատեսումներով` գլոբալ տաքացման ներկայիս տեմպով դա պետք է տեղի ունենար առնվազն 70 տարի հետո: Այս մասին գրում է Reuters-ը, հունիսի 19-ին:

Ստորգետնյա սառցե բլոկները հազարավոր տարիների ընթացքում չեն հալվել: Այս տեղանքում գիտնականների խումբը նմանատիպ դիտարկումներ անցկացրել է արդեն 10 տարի առաջ, սակայն այդ ժամանակից ի վեր լանդշաֆտն անճանաչելիորեն փոխվել է:

«Մենք ցնցված էինք տեսածից: Սա ցույց է տալիս, որ կլիման հիմա ավելի տաք է, քան երբևէ վերջին 5 հազար տարվա ընթացքում կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում»,- ասել է համալսարանի գեոֆիզիկայի պրոֆեսոր Վլադիմիր Ռոմանովսկին:

Գիտնականների խումբը նախատեսում է ընդլայնել դիտարկումների տարածքը:

«Շատ հավանական է, որ այս երևույթն ազդում է շատ ավելի մեծ տարածաշրջանի վրա, և դա այն է, ինչին մենք կհետևենք հետագայում»,- ասել է հետազոտության համահեղինակ Լուիզ Ֆարքուհարսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել