Սունկ օգտագործելիս մարդիկ զգուշանում են, քանի որ թունավոր սնկերի շատ տեսակներ կան: Շատերը համոզված են, որ բնության մեջ ամենաթունավոր սունկը  ճանճասպանն է, սակայն իրականում ճանճասպանը թունավոր մի քանի սնկի հավաքական անվանումն է: Ճանճասպանների խմբում ամենաթունավոր սունկը դժգույն գարշասունկն է:

Դժգույն գարշասունկը մահացու թունավոր սունկ է, որը մեծ տարածում ունի և՛ Ասիայում, և՛ Եվրոպայում: Այն հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Մարդիկ, որոնք խորը գիտելիքներ չունեն, հաճախ շփոթում են սնկի այս տեսակը ուտելի սնկերի հետ: Հատկանիշը, որի օգնությամբ այս սունկը հեշտությամբ տարբերվում է մյուս սնկերից, գլխիկի ձիթապտղագույն գույնն է, ոտիկի սպիտակ օղակն ու պատյանը:

Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի վտանգավոր տոքսիններ՝ բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը: Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան՝ սնկի՝  գետնի տակ գտնվող մարմինը: Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի մեկ երրորդը: 1 կգ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0.1 միլիգրամը: Այսինքն՝ 7 գ ամատոքսինը բավարար է 70 կգ կշռող մարդուն սպանելու համար: Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են:

Այս սունկն օգտագործելուց հետո թունավորման նշանները կարող են ուշ ի հայտ գալ՝ սունկն օգտագործելուց օրեր անց: Այս ընթացքում, ցավոք, սունկը քայքայում է օգտագործողի լյարդն ու երիկամները:

Դժգույն գարշասնկի թույնն ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան ամենաթունավոր օձերի թույնը: Եվրոպայի և Ասիայի անտառներում չկա ուրիշ մի կենդանի կամ բույս, որի թույնն այսքան վտանգավոր լինի:

Պատմության մեջ գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ դժգույն գարշասնկից թունավորվել են հայտնի մարդիկ: Հռոմեական կայսր Կլավդիոսի կինը՝ Ագրիպինան, հրամայել էր խոհարարին այս սնկի հյութը խառնել արքայի կերակրին: Կլավդիոսը վախճանվեց, իսկ Ագրիպինայի որդին գահ բարձրացավ: Կառլոս VI-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության ուժեղագույն կայսրերից մեկը, նույնպես դժգույն գարշասնկի թունավորման հետևանքով է մահացել՝ ուտելով կերակուրը, որի մեջ ավելացված էին այս թունավոր սնկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել