Tert.am-ը գրում է.

13:30

Երբ խորհրդակցական սենյակից դուրս եկա, ինձ հանձնվել է նաև դիմում Ալումյանի, Սահակյանի և Խուդոյանի կողմից, որը կապված է մասնագիտական պարտականությունները կատարելու առնչությամբ առաջացած դժվարությունների հետ: Այս մասին ինքնաբացարկի դիմումը մերժելուց հետո հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Նա մասնավորեցրեց, որ մեղադրյալ կողմի պաշտպանները խնդրել են դատավորին միջոցներ ձեռնարկել այս հարցի կապակցությամբ: Տեղեկացրեց նաև, որ պահանջն ուղղված է նաև ՀՀ գլխավոր դատախազին:

«Սույն դատական նիստում իմ գործողություններն ուղղված են եղել դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելուն: Մեկից ավելի անգամ դատարանը խնդրել է հարգանքի մթնոլորտում տեղի ունենան նիստերը»,- ասաց Դանիելյանը և հորդորեց բոլոր կողմերի՝ այդ թվում նաև պաշտպանական կողմի նկատմամբ դրսևորել հարգանք:

«Նրանք իրենց պարտականություններն են կատարում»,- ասաց նա:

Ապա՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ լրատվամիջոցների կողմից հրապարակված «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակին՝ ուղղված դատավոր Արմեն Դանիելյանին:

Խուդոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման դիմում կա և ինչու դատարանը վերջինիս հնարավորություն չի տվել մասնակցել դատական նիստերին: Նա մանրամասն ներկայացրեց փաստաբանի դիմումը, ինչը դուր չեկավ մեղադրող կողմին:

Դատախազներից մեկն ասաց՝ առարկում է և որ մեղադրյալի պաշտպանը չի կարող դատարանից պարզաբանումներ ակնկալել տուժողի կամ նրա ներկայացուցչի իրավունքի պաշտպանության, դրանց ապահովման կապակցությամբ:

«Այդ տրամաբանությամբ, մենք բոլոր ԶԼՄ-ների հրապարակումների, բաց ու փակ նամակների կապակցությամբ այստեղ պետք է քննարկում կազմակերպենք: Ես առաջարկում եմ դատավարության կողմերի մասնակիցներին չմոռանալ, թե մենք այստեղ ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը և չփորձել այս դատավարությունը արհեստական մեկնաբանություններով ձգձգել»,- ասաց գործով մեղադրող դատախազը:

Դահլիճից բոլորը սկսեցին խոսել, ասել, որ համաձայն են դատախազի հետ: Դատավորն ու դահլիճում ներկա գտնվողները զուգահեռ սկսեցին խոսել ու կրկին խառնաշփոթ առաջացավ նիստերի դահլիճում:

Դատավորը հայտարարեց՝ ով խոսեց, կհեռացվի դահլիճից:

Դատախազը կրկնեց, որ պաշտպանը չի կարող իր կողմից չպաշտպանվող կողմերի պաշտպանությամբ զբաղվել, շահերը ներկայացնել: «Հետևաբար խնդրում եմ ապահովել մեր դատավարական լիազորությունների անցկացումը, մի ծանրաբեռնեք դատարանին բաց նամակներով: Եթե դատարանը ստացել է այդպիսի դիմում, ապա դրա հետ կապված քննարկումը չպետք է լինի այս դատական նիստում»,- ասաց դատախազը:

Դատավոր Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ եթե այս կերպ շարունակվի, դատական նիստը վերածվելու է քննարկումների և ցանկացած հարց քննարկելու են՝ բացի բուն քննարկվող հարցից: «Ես հեռու եմ որևէ մեկին իրավունք չընձեռելու նկատառումներից, հնարավորության դեպքում ինչքան որ հնարավոր է, կընձեռեմ: Դիմումը ստանալու պահից սկսած՝ այդ անձի դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում: Ես խոսք եմ տալիս՝ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում կարձագանքի: Հիմա, որ փոխադարձ հայտարարություններ անընդհատ չհնչեն, մենք ունենք ձևաչափ, պետք է շարունակենք նիստը»,- ասաց Դանիելյանը:

12:30

Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

10:18

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր:

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանը չի մասնակցում գործի քննությանը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։

Դատավորը որոշում կայացրեց առանց Ռոբերտ Քոչարյանի շարունակել նիստը, ինչից հետո նրա պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն Դանիելյանին։

Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Խուդոյանը: Նա նշեց, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։

Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին:  

«Դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։ Դատարանի նշած ոչ հստակ, ոչ վերջնական դիրքորոշումները մեզ շփոթության մեջ են գցում, հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու»,-ասաց նա և հավելեց, որ այդ հիմքով էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:

Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել