Գեներալ Բոբկովի մասին շատերդ լսած չեք լինի: Նա 20 տարի գլխավորել է ԿԳԲ-ի կարևորագույն 5-րդ վարչությունը (սահմանադրական կարգի պահպանման վարչությունը), իսկ Սովետի վերջին տարիներին հասել էր ԿԳԲ-ի պետի առաջին տեղակալի պաշտոնին: Երեկ էս մարդը մահացավ ու Ռուսաստանում ահագին մարդ անթաքույց ուրախացավ այս փաստից: Այս մարդու կենսագրությունը շատ կարևոր պիտի լինի նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի անկախության «նվաճման», Արցախյան ազատամարտի և այլ շատ կարևոր թեմաների շուրջ:

Ֆիլիպ Բոբկովը Անդրոպովի և այլոց հետ մեկտեղ հանդիսանում էր Օտտո Կուուսինենի օրոք համակարգի մեջ ներդրված վառ ներկայացուցիչներից մեկը: Կուուսինենին էլ շատերդ դժվար ճանաչեք, մինչդեռ հենց նա էր Սովետական Միության փլուզման հիմնական ճարտարապետը: Ստալինի մահվանից հետո Կենտկոմի քարտուղար դառնալով՝ նա մշակեց ու գործի դրեց մի օպերացիա, որը 30 տարվա ընթացքում քայքայեց ու փլուզեց Ստալինի կերտած կայսրությունը:

Բոբկովն այդ գործողության մեջ առանցքային դեր ուներ, նա էր պատասխանատու «ինտելիգենցիայի» շրջանակներում դժգոհության առաջացման համար, նա էր պատասխանատու սովետական հանրապետություններում ազգայնական ծայրահեղականների խմբավորումների ստեղծման համար, նա էր կազմակերպում էթնիկ հողի վրա բախումները և նույնիսկ արտադրական պրոցեսների խափանումները, որի արդյունքում խանութներում համատարած դեֆիցիտ էր գոյանում: Բոբկովն ու Անդրոպովն էին առաջարկել Կոմկուսի քաղբյուրոյին կազմակերպել հրեաների ռեպատրիացիան Իսրայել:

Բոբկովի ագենտարայի կազմում էին ոչ միայն 90-ականներին օլիգարխ «դարձած» Գուսինսկին, Բերեզովսկին և այլք, այլ նաև մեր հայրենական գողականները: Եթե հրեա մտավորականության վրա էր դրված ակադեմիական զանգվածներում «աշխատելը», մերոնց վրա էր դրված հենց գործարանների պահեստների թալանը․ այսպես գոյացավ ցեխավիկների ու գողականների մեր շերտը, որոնք փաստացի պարզապես թալանում էին խորհրդային սեփականությունը: Գործարանների հիմնական միջոցները (հողը, հանքերը, սարքավորումները) մնացին Բերեզովսկիներին, իսկ ընթացիկ միջոցները (հումքն ու պահեստի ապրանքը)՝ Սվո Ռաֆերին: Ստեղ էլ մենք, ինչպես միշտ, սերուցքը չստացանք:

Փլուզումից հետո էդ շինծու օլիգարխների կողմից սեփականաշնորհված հիմնարկները պիտի լեգալիզացվեին ու վերադառնային ԿԳԲ-ի ու Կենտկոմի ներկայացուցիչների ժառանգներին: Պիտի ձևավորվեր նոր, արդեն կապիտալիստական էլիտա հին սոցիալիստական հիման վրա, ընդ որում՝ էլիտան պիտի չունենար բալաստ հանդիսացող 15 հանրապետություններից 13-ը: Ու այդ էլիտան պիտի ձուլվեր համաշխարհային էլիտայի հետ՝ զբաղեցնելով իր արժանի տեղը: Սա էր պլանը, որը մասամբ աշխատեց: Բայց համաշխարհային էլիտան այլ պլաններ ուներ, ու ամեն ինչ սկսեց վերադառնալ հին ու բարի կարգերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել