Pastinfo.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր չի ներկայացել նախաքննական մարմին՝ հարցաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Վերջինիս փոխանցմամբ` նա հարցաքննության էր հրավիրվել այսօր` ժ. 18:30-ին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության։

Նա հարցաքննության էր հրավիրվել հունիսի 12-ին, սակայն դարձյալ չէր ներկայացել նախաքննական մարմին։

Ավելի ուշ` լրագրողների հետ զրույցում, Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ իրեն հարցաքննության հրավիրելով վիրավորել են։

Այսօր` դարձյալ լրագրողների հետ զրույցում, նա հայտարարել է, որ նախաքննական մարմին ներկայանալու կարիք չկա. «Ծանուցագիրը պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն... Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»,-ասել էր նա։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու շարժառիթը Ազգային ժողովում նրա արած հայտարարություններն են այն մասին, որ գործը սարքած գործ է. «Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց սրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,-նշել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել