Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը պլանավորում է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին: Այդ մասին ասված է հունիսի 18-ին Facebook սոցիալական ցանցի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մենք մտադիր ենք արժույթը թողարկել 2020 թվականին»,- նշել են ընկերությունում: Libra-ի օգտագործմամբ գործարքավարություններ իրականացնել կարելի կլինի Facebook Messenger, WhatsApp ծառայությունների, ինչպես նաև այս պահին մշակվող հատուկ հավելվածի միջոցով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թվային արժույթի փոխանցում անելը նույնքան հեշտ կլինի, որքան «տեքստային հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը»:

Ինչպես ընդգծում է Facebook-ը, նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: Անցյալ շաբաթ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի մի շարք խոշորագույն ընկերությունները, ներառյալ Visa-ն, Mastercard-ը, PayPal-ը եւ Uber-ը, մտադիր են 10-ական միլիոն դոլար ներդնել այն կոնսորցիումի ստեղծման գործում, որը «կիրականացնի» Facebook-ի կողմից ստեղծվող «գաղտնարժույթի կառավարումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել