168.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր  Արմեն Դանիելյանը  հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշում է կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունները:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել