168.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում հայտարարեց, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում:

«Քաղաքական որոշումն արժեքահեն որոշում է, դիրքորոշում և մոտեցում է, որը ցույց է տալիս, թե ինչ արժեքներով ենք մենք առաջնորդվում, ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, ինչպիսի դատավորներ ենք ուզում ունենալ»,- ասաց Լ.Մակունցը:

Նա կարևորեց Վահե Գրիգորյանի քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող անցյալը, որ նա չի կեղծում իր նախկին հայտարարությունները, չի գնում քծնանքի՝ հանուն ընտրվելու.

«Նաև այս հանգամանքն է ինձ հիմք տալիս մտածելու, որ թեկնածուն արժանի է հավակնել և ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր»:

Լ.Մակունցը նշեց, որ իր համար հասկանալի է Վահե Գրիգորյանի և Արմեն Սարգսյանի դեմ սկսված խուճապային պայքարը, սակայն, ըստ նրա, ժամանակը ցույց կտա՝ արդյոք նախագահի որոշումը պետականամետ քա՞յլ էր, թե՞ ոչ:

Նրա կարծիքով՝ Գրիգորյանը լուրջ իրավական հետագիծ ունի և դա վստահություն է ներշնչում, որ ընտրվելուց հետո նա ավելացնելու է ՍԴ հանդեպ վստահությունը. «Եվ դիտարկում եմ Վահե Գրիոգրյանի թեկնածությունը արդարության վերականգնման համատեքստում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել