168.am-ը գրում է․

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ստացե՞լ է Քննչական կոմիտեի ծանուցագիրը, արդյո՞ք այն կարժանանա նույն ճակատագրին, ինչ առաջինը:

«Այսինքն՝ առաջինին ի՞նչ է սպասում: Այսինքն՝ ծանոթագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն, Այվազովսկու նկարի կողքի՞ն: Ծանոթագիրը ստացել եմ, ուրիշ ի՞նչ հարցեր կան»,- ասաց Ծառուկյանը:

Նա հարցադրում արեց՝ առանց ծանուցագրի գնալու դեպքում չէին ընդունի՞:

Հարցին՝ իսկ գնալո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. «Համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով: Ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ մեր ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի՝ պատգամավորը իր կարծիքը ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթարկվում»:

Դիտարկմանն ի պատասխան, թե այսինքն համարում է, որ իրեն հետապնդման են ենթարկո՞ւմ, Գ.Ծառուկյանը կրկին նշեց Սահմանադրության 96 հոդվածը և հայտարարեց, որ ՔԿ-ին թուղթ են ուղարկել, որ իր հայտարարություններն իր կարծիքն են:

Հարցին՝ դուք չեք գնալո՞ւ ՔԿ, Ծառուկյանը պատասխանեց. «Կարիք չկա գնալու, ինչ որ պետք էր, իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է, այն է գրած, ինչ իմ հարցարույցում, որ ասել եմ դա իմ կարծիքն է»:

Թե ո՞վ է գրոհ կազմակերպել Ծառուկյանի դեմ, որի մասին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, Ծառուկյանը պատասխանեց. «Ես դեռ չգիտեմ, ով ասել է, նրան հարցրու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել