Երբեմն առողջապահության ոլորտում նորարարություններին հետևելը կարող է տհաճ հետևանքներ ունենալ։ Այդ ամենի մեղավորները մարկետոլոգներն են, ովքեր առաջ են քաշում նմանատիպ թրենդներ և առաջին հերթին թիրախավորում են երիտասարդներին, որոնց օրգանիզմն առողջ է և ամուր։ Նրանք, ովքեր որևէ խրոնիկական հիվանդություն ունեն, պետք է շատ զգուշորեն գնան նորարարությունների ետևից։

Ածուխով ատամի մածուկ

Ներկայումս փայտածուխը կարելի է օգտագործել ոչ միայն ստամոքսը մաքրելու համար, այլ նաև կոսմետիկ նպատակներով։ Եթե դուք ցանկանում եք օգտագերծել ատամի մածուկ, որի բաղադրության մեջ ակտիվ ածուխ կա, ապա պետք է հիշեք, որ այն հղկանյութ է։ Մաքրելով ատամների արտաքին հատվածը՝ այն մասնակիորեն վնասում է նաև էմալը, որը, ցավոք, վերականգնել հնարավոր չէ։ Այն մեր ատամներն ավելի զգայուն է դարձնում։ Բացի այդ՝ ածուխի մասնիկները կարող են մնալ ատամների մեջ և դառնալ բորբոքման պատճառ։

Էլեկտրոնային ծխախոտ (IQOS)

Աստիճանաբար մեծ տարածում են ստանում էլեկտրոնային ծխախոտները։ Համարվում է, որ նրանք ավելի քիչ վտանգավոր են, քան սովորական ծխախոտները։ Սակայն քանի որ ջերմացվող ծխախոտային արտադրանքը նիկոտինային աերոզոլ է առաջացնում, որը բաղկացած է ծխախոտից և քիմիական այլ նյութերից, ստացվում է հակառակը․ այն օրգանիզմի համար ավելի կործանարար ազդեցություն է ունենում։

Առանց բժիշկների նշանակման վիտամինների ընդունում

Բժիշկները հաճախ են հիշեցնում, որ վիտամինների անվերահսկելի ընդունումը կարող է տհաճ հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ օրգանիզմում վիտամին C-ի մեծ քանակությունը երիկամներում քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ։

Եթե դուք կարծում եք, որ բավարար քանակությամբ սննդարար նյութեր չեք ստանում, ապա մտածեք ավելի որակյալ սննդի անցնելու մասին կամ էլ դիմեք դիետոլոգների օգնությանը, ովքեր ձեզ համար լիարժեք մենյու կկազմեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել