Hzham.am-ը գրում է.
Մեր էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել Արաբկիր վարչական շրջանից մի խումբ բնակիչներ, որը ներկայացնում ենք ստորև.
Օրերս  համացանցում հանդիպեցինք  Արաբկիր վարչական շրջանը ներառող ընտրատարածքից նաև որպես ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Ուրիխանյանի պաթոսախեղդ հայտարարությանը, որոնք արդարացիորեն առաջացրել են նաև մեր՝ վարչական շրջանի բնակիչներիս զայրույթը: Բնական է, երբ տեսնում ես, որ պատգամավորը գործ անելու փոխարեն զբաղված է ինքնագովազդով կամ ինքնամոռաց հայտարարություններ տարածելով, ակամայից կարիք է առաջանում հիշեցնել նրան իր բուն առաքելության ու մեզ՝ քաղաքացիներիս առաջ ունեցած պարտավորվածությունների մասին:

Հարգելի ինքնասիրահարված Տ. Ուրիխանյան, քանի որ Դուք փորձում եք մոլորության մեջ գցել հանրությանը, մենք կփորձենք այս նամակի միջոցով լույս սփռել բոլոր այն քաղաքացիների գիտակցության վրա, ովքեր Ձեզ չեն ճանաչում և միամտորեն տրվել են Ձեր բոցաշունչ ելույթների ազդեցությանը:
Դուք, ընտրված լինելով այս շրջանն ընդգրկող տարածքից, մինչ օրս, Ձեր՝ բնակչությանը տրված և ոչ մի խոստում իրականություն չեք դարձրել, փոխարենը սոցցանցերում մշտապես զբաղված եք եղել  ինքնագովազով: Ձեզ ճանաչողները և հատկապես այն մարդիկ ովքեր հանգամանքների բերումով նաև Ձեզ հետ անհատապես համագործակցելու պատրաստակամություն են ունեցել կփաստեն, որ Ձեր ամբիցիաները սկսվում և վերջանում են բացառապես սեփական շահը սպասարկելու հակումներով:
Յուրաքանչյուր ընտրական գործընթաց Ձեզ համար եղել է սեփական բարեկեցության մակարդակը բարձրացնելու միջոց, դա հո մենք լավ գիտենք, տեսել ենք մեր աչքերով: Հիմա ինչ եք  քաղաքական արենան վերածել  բեմի և ներկայացում խաղում: Մենք գիտենք, որ դուք լավ դերասան եք, առիթն ունեցել ենք արդեն համոզվելու նախընտրական փուլում, բայց թույլ տվեք, Ձեզ իրազեկել, որ  այլևս նոր Հայաստանում ենք ապրում և թույլ չենք տալու մեզ օգտագործելով ձեր անձնական հարցերը կարգավորել:
Չէինք գնա այս քայլին և այս հայտարարությունը չէինք տարածի, եթե պարոն Ուրիխանյանն այն չհեռացներ սոցկայքում իր կողմից հրապարակված հայտարարության մեկնաբանությունների միջից:

Որպեսզի Տիգրան Ուրիխանյանի անգործությունն ու իր պաշտոնում լինելու անհամատեղելիությունն առավել հանգամանալից կերպով ներկայացնենք հանրության դատին, պատրաստ ենք անգամ մամուլի ասուլիս հրավիրել, որտեղ և հանգամանալից կերպով կներկայացնենք մեզ՝ խաբված զգալու հիմնական պատճառները:
Ի վերջո բոլորն էլ պետք է իմանան, որ նրա կողմից տրված բոլոր խոստումները այդպես էլ մնացել են զուտ խոսքի մակարդակի, ոչ մի գործուն քայլ դրանք իրագործելու համար չի արվել: Վերջապես  բոլորն էլ պետք է տեսնեն Ուրիխանյանների նմանների իրական դեմքը:
 
Այնպես որ, բարի եղեք  հուզական հայտարարություններ անելուց առաջ հիշեք ով եք Դուք և ինչպես եք հայտնվել օրենսդիրում, և ինչ եք արել հայտնվելուց ի վեր այն վարչական շրջանի բնակիչների  համար, որտեղից ընտրվել եք՝ բացի սեփական բարեկեցության մակարդակը բարձրացնելուց և մեզ խաբելուց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել