Հայ կանայք իրենց տաղանդով և գեղեցկությամբ հայտնի են եղել դարեր շարունակ։ Կանանց դերն անգնահատելի է հայկական պետականության, մշակույթի և կրոնի զարգացման գործում։ Ձեզ ենք ներկայացնում այն հայ կանանց, որոնք գովերգվել են Պուշկինի և Եսենինի ստեղծագործություններում, երկրպագվել են Սինգապուրում ու Թուրքիայում և այլուր։

Աննա Աբամելիք

Աննա Աբամելիք-Լազարևան հայազգի հայտնի գեղեցկուհի է, տաղանդավոր բանաստեղծուհի-թարգմանչուհի։ Նա ամուսնացած էր բանաստեղծ Ե. Բարադինսկու եղբոր՝ Իրակլի Բարադինսկու հետ։ Իր ողջ կյանքի ընթացքում կինը զբաղվել է գրական թարգմանություններով և բարեգործությամբ։ Նա ֆրանսերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի ստեղծագործությունները, ինչպես նաև որոշ ստեղծագործություններ թարգմանել է անգլերեն և ռուսերեն։ Պուշկինը, ով ճանաչում էր Աբամելիքին երիտասարդ տարիքից, բանաստեղծություն է գրել, որտեղ ընկերաբար խոսում է կնոջ գեղեցկության մասին։ Նրա գեղեցկության, խելքի ու տաղանդի մասին շատ բանաստեղծներ են գրել։

Ագնես Ջոաքիմ

Ագնես Ջոաքիմը կամ Աշխեն Հովակիմյանը անգլիացի և սինգապուրցի այգեգործ-գիտնական էր, ով ծագումով հայ էր։ Ագնեսն իր մոր՝ Ուրելիայի նման հրապուրված էր այգեգործությամբ և հայկական համայնքի ակտիվ անդամ էր։ Նա ընտանեկան այգում աճեցնում էր խոլորձներ։ Ինչպես ծաղկի, այնպես էլ Ագնեսի գեղեցկությամբ հիանում էին բոլորը։ Ամեն տարի մասնակցելով ծաղիկների ցուցահանդեսների՝ Ագնեսը բազմաթիվ մրցանակներ էր ստանում։ 1893-1895 թթ. երեք ամենամյա սինգապուրյան մրցանակաբաշխություններում նա ընդհանուր առմամբ 27 անգամ առաջին տեղ է գրավել և 15 անգամ՝ երկրորդ։ Փառքի հասել է 1899 թ., երբ ցուցադրություններից մեկի ժամանակ ներկայացրեց իր աճեցրած հատուկ խոլորձը, որը նրա անունը ստացավ՝ «Վանդա Միս Ջոաքիմ»։ Իսկ 1981 թ. այդ հայտնի խոլորձը դարձավ Սինգապուրի խորհրդանիշը։

Զաբել Եսայան

Զաբել Եսայանը նախորդ դարի հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչներից էր, բանաստեղծուհի։ Նրան համեմատում էին Գրիգոր Զոհրապի հետ՝ անվանելով նրան վերջինիս «կանացի անալոգը» գրականության ու հասարակական գործունեության մեջ։ Նրա բազմաթիվ պատմվածքները, էսսեները, վեպերը նկարագրել են Թուրքիայում ապրող հայերի ողբերգական ճակատագիրն ու մեծ հեղինակություն են ձեռք բերել։ Այսօր այդ ստեղծագործությունները գրեթե մոռացվել են, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը։

Ֆլորա Զաբել

Ֆլորա Զաբել Մանգասարյանն առաջին հայազգի դերասաններից էր, ով Ամերիկայում դեր ստանձնեց համր ֆիլմերում։ Ֆլորան մանկուց սիրում էր երգել և հաճախ փոքրիկ ներկայացումներ էր կազմակերպում հարազատների ու ընկերների համար։ Մյուզիքլներից մեկը, որը Ֆլորա Զաբելին հեղինակություն բերեց, «Կարմիր տեսակն էր», որտեղ նա ամուսնու՝ Ռեյմոնդ Հիչքոքի հետ միասին էր հանդես գալիս։ Ներկայացումից շատ հատվածներ հիթեր դարձան։ Իր կարիերայի ընթացքում տաղանդավոր Ֆլորան խաղացել է 14 մյուզիքլում և նկարահանվել է առնվազն 5 համր ֆիլմում։

Արաքսի Չեթինյան

Արաքսի Չեթինյանը հայկական ծագում ունեցող թուրք մոդել ու դերասանուհի էր, ով 1925 թ. հաղթել է «Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթում։ Թուրքիայում սիրում են նշել, որ այդ մրցույթը սկսվել է անց կացվել 1929-ից, սակայն այդ հարցն ուսումնասիրող թրքուհի Ֆեզա Քյուրջուօղլուն պարզել է ամենը։ Մրցույթն անցկացվել է 1925 թ., և հաղթող է դարձել հայուհի Արաքսի Չեթինյանը, ինչն անհավատալի էր այդ ժամանակների համար։ Թուրքական պաշտոնական մամուլը լռում էր, մինչև որ Քյուրջուօղլուն գրեց այդ մասին թուրքական թերթերից մեկում։

Այս կնոջ գեղեցկության մասին շատ բան հայտնի չէ։ Առաջին թուրքական գեղեցկության մրցույթից հետո նա աշխատել է որպես մոդել ամսագրերում և ցուցադրությունների ժամանակ։ Իսկ երբ 1929 թ. անցկացվեց «Միսս Թուրքիա» երկրորդ մրցույթը, նա կրկին մասնակցեց դրան ու գրավեց երրորդ հորիզոնականը։

Շահանե Թելյան

Շահանդուխտ Ներսեսի Թելյանը (Համբարձումյանը) գրականության ուսուցչուհի էր, Եսենինի «Շահանե՛, դու իմ, Շահանե՛» բանաստեղծության հերոսուհին։ Նա ծնվել է Ախալցխայում 1900 թ.։ Երիտասարդ, խելացի, համակրելի ուսուցչուհին իր քրոջ տանն էր բնակվում, երբ 1924-25 թթ. կայացավ նրա հանդիպումը Եսենինի հետ։ Երիտասարդ հայուհու հետ ծանոթության ազդեցության տակ Եսենինը գրեց հայտնի բանաստեղծությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել