Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:

Հունիս 14-ին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը ևս Առնուվիլի և Արցախի Շեխեր քաղաքի միջև Բարեկամության հռչակագիրը ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը բողոքարկելու մասին:

«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել, բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է»,- բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն և, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ» -եզրափակել է Պասկալ Դոլը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: 

Նշենք նաև, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով: 

«Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,-ասել էր Վալանսի քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել