168.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ծխելու դեմ պայքարին ուղղված օրենքի նախագիծը:

Նոր նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով: Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա:

Նույնատիպ արգելք է գործելու նաև կրթօջախների, մշակութային կենտրոնների, գրադարանային և ժամանցային դեպքերում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում: Այս նույն արգելքը՝ ծխախոտի իրացումը, տարածվելու է հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներում:

Այն արգելվելու է մի շարք փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում, տրանսպորտում՝

ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, Մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:

Ծխող և չծխող վարորդներից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս են վերաբերվում հակածխախոտային միջոցառումներին:

«Առավոտից մինչև կեսգիշեր էս քաղաքում խցանում ա, բա մի հատ չծխե՞մ»

«Հա, բոլորս էլ հասկանում ենք, որ տհաճ է, երբ հանրային տրանսպորտում, տաքսիում վարորդը ծխում է, բայց պատկերացնո՞ւմ եք, թե այդ վարորդներն ի՞նչ սթրեսի մեջ են ամեն օր, ինչպե՞ս են վաստակում իրենց օրվա հացի փողը: Օրինակ, ես տաքսի եմ վարում, առավոտվանից դուրս եմ գալիս, մինչև կեսօր հազիվ գազի գումար եմ աշխատում, դա էլ դեռ՝ օրը գիտի: Սոված-ծարավ, էս շոգին-կրակին քշում ենք: Խցանումների մասին էլ չեմ ասում: Առավոտից մինչև կեսգիշեր էս քաղաքում խցանում ա, բա մի հատ չծխե՞մ, նյարդերս հանգստանան: Հա, մի բան էլ ավելացնեմ՝ սխալ կարծիք չձևավորվի, էլի: Ծխել սկսել եմ 42 տարեկանից, հիմա 46 տարեկան եմ, աշխատում եմ ամեն դեպքում քիչ օգտագործել»,- մեզ հետ զրույցում ասաց տաքսու վարորդ Արսենը:

«Ծխում եմ, երբ մեքենայում ուղևոր չի լինում»

«Ծխում եմ, երբ մեքենայում ուղևոր չի լինում, անգամ մեքենայիս մեջ տեղադրել եմ ծխելն արգելելու նշանը, որ ուղևորն էլ չծխի, իսկ նման դեպքեր շատ են լինում: Հատկապես ջահլները… նստում ու անջատված ծխում են: Այս նշանն օգնում է, հատկապես՝ կանայք, որ տեսնում են՝ ծխող չես, ուրախանում են: Դե, երեխաներ էլ են հետները լինում, սխալ է նաև նրանց ներկայությամբ ծխելը: Հենց ուղևորներիս իջեցնում եմ կամ ուղևոր չի լինում, այդ ժամանակ՝ բոլորի աչքից ու ականջից հեռու, ծխում եմ»,- անկեղծացավ վարորդ Տիգրանը:

«Մեկը կարող է ծխի հոտին դիմանալ, առողջությունը վնասել, մյուսն էլ չի կարող և չի ուզում»

«Ես աշխատում եմ չփչացնել ոչ իմ, ոչ էլ մյուսների առողջությունը: Չեմ ծխել, միտք էլ չունեմ: Մարդիկ հո ծխողները ձեռքը կրակը չե՞ն ընկել: Մեկը կարող է ծխի հոտին դիմանալ, առողջությունը վնասել, մյուսն էլ չի կարող և չի ուզում: Ես Ռուսաստանում էլ եմ աշխատել, այնտեղ տաքսու, ավտոբուսների վարորդները չէին ծխում: Մեզ մոտ մեկը հենց փորձում է ծխողին նկատողություն անել՝ բոլորը թռնում են դեմքին, թե՝ չես ամաչո՞ւմ: Իմ երեխեքը հաճախ օգտվում են հասարակական տրանսպորտից, խայտառակ վիճակ է: Աղջիկս ծխի հոտից ալերգիա ունի, սկսում է խեղդվել, նկատողություն էր արել, մի բան էլ իրեն էին նախատել: Զարմանում ես՝ ինչո՞ւ են ճնշում ու ստիպում, որ մարդն իրեն զոհի:

46 համարի երթուղայինի վարորդին աշխատանքից ազատելը սարքեցին պատմություն: Մեկը չի, երկուսը չի, հո չէի՞ն թողելու անպատիժ: Աղջիկս ասում է՝ էս քանի օր է՝ վարորդները սկսել են ծխախոտի փոխարեն՝ կոնֆետ, հյութ օգտագործել: Շատ լավ է, պետք է միշտ խստորեն հսկեն ու խախտողներին էլ պատժեն»,- նկատեց վարորդ Արթուրը:

«Ծխախոտի ծուխը պարունակում է քաղցկեղածին նյութեր»

«Տղաս բժիշկ է ու ասում է՝ երկարատև ծխելու պատճառով իմունիտետը ցածր է դառնում և օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում պայքարել մանրէների դեմ, հանգեցնում է մի շարք խնդիրների՝ ատամների ցավ, խոցերի առաջացում, և այլն: Ծխախոտի ծուխը պարունակում է նաև քաղցկեղածին նյութեր: Ես ծխում էի, բայց որդուս հորդորով թողեցի ծխելը: Իրոք, չծխելն ուրիշ է, պարզապես  կամքի ուժ պետք է ունենաս, որ հաղթահարես կախվածությունը: Սկսել եմ շատ քայլել, հաճախ լեռնագնացությամբ եմ զբաղվում: Օգնում է»,- անկեղծացավ վարորդներից Սարգիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել