Հայաստանում տնտեսական առաջընթացի ապահովման համար ամենաառանցքային խնդիրներից մեկ պետության կողմից հարկային և դրամավարկային քաղաքականության խթանող գործիքակազմի կիրառումն է։ Հարկային քաղաքականության մասով նախևառաջ անհրաժեշտ է նվազեցնել ազգաբնակչության և բիզնեսի հարկային բեռը, խթանել ներդրումները և մասնավոր ծախսերը, մեծացնել պետական ծախսերը։ Սակայն,դատելով հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, ընդհանուր տնտեսության մակարդակով հարկային բեռի նվազեցում տեղի չի ունենա։ Փաստացի եկամտային հարկի համահարթեցման և ավելի ուշ նախատեսվող շահութահարկի փոփոխության հետևանքով հարկային եկամուտների կրճատումը փոխհատուցվելու է ակցիզային հարկի, պետական տուրքի և բնապահպանական հարկի դրույքաչափերի բարձրացման հաշվին։Այսինքն, եթե կառավարությունը վստահ ակնկալում է համահարթեցման արդյունքում հարկային մուտքերի ավելացում, ապա բյուջեի մուտքերի կրճատման փոխհատուցումը այլ հարկերի ու տուրքերի բարձրացմամբ՝ միանգամայն հակասում է դրան և հակադրվում տնտեսական աճի խթանմանը։ Ավելի նպատակահարմար կլիներ կրճատել պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը։
Ընդ որում, պետք է նշել, որ աշխարհի ոչ մեծ թվաքանակով երկրներում, որտեղ գործում է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ բյուջեի մուտքերի էական ավելացում տեղի չի ունեցել ու սա այն դեպքում, երբ հիմնականում դրույքաչափը սահմանվել է անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա, քան Հայաստանում։ Օրինակ, Ռուսաստանում այն կազմում է 13 տոկոս է և համահարթեցումից օգտվել են բոլոր խավերը, բայց նույնիսկ նման պայմաններում համահարթ դրույքաչափը տնտեսական աճի վրա շոշափելի ազդեցություն չի ունեցել։ Իսկ Հայաստանում, որտեղ առկա է սոցիալական խիստ բևեռացում,եկամտային հարկի նվազեցումը չի վերաբերվում ցածր եկամուտներ ունեցող ամենախոցելի խավին, որի իրական եկամուտները այլ հարկերի բարձրացման արդյունքում նույնիսկ կարող է նվազել։ Տվյալ պարագայում համահարթեցումը կխորացնի սոցիալական անհավասարությունը ու միանշանակ բացասաբար կանդրադառնա հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։
Ավելին, հարկային նոր փոփոխություններով ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացումը կհանգեցնի գնաճի , ինչի զսպման նպատակով Կենտրոնական բանկը ելնելով իր գլխավոր խնդրից կկիրառի դրամավարկային քաղաքականության զսպող գործիքակազմ, ինչը ենթադրում է ,,թանկ,, փողի քաղաքականություն և նման պարագայում վարկային տոկոսադրույքները եթե անգամ չբարձրանան, ապա առնվազն չեն նվազի։ Հաշվի առնելով, որ Հայաստանում կապիտալի շուկան որպես այդպիսին զարգացած չէ, ապա տնտեսության մեջ ներդրումների հիմնական աղբյուրը բիզնես վարկերն են , իսկ բարձր տոկոսադրույքների պայմաններում դրանց ներգրավումը տնտեսապես անշահավետ է։ 
Կարծում եմ, Հայաստանում ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահվման համար միանգամայն այլ գործիքներ ու միջոցառումներ են անհրաժեշտ։ 
Շարունակելի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել