168.am-ը գրում է.
Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։
Սա, անշուշտ, գլոբալ երևույթ է և սկիզբ է առել ոչ հիմա, այլ աստիճանաբար է թափ հավաքել։ Ամերիկյան Pew ինստիտուտը 2015 թվականին հարցում անցկացրեց այն մասին, թե մարդիկ կարո՞ղ են հրապարակային գրառում անել, եթե դա, հնարավոր է՝ վիրավորի այլ խմբի։ Եվ ամբողջ աշխարհում հարցվածների 35 տոկոսը դրական էր պատասխանել։ Այսինքն՝ յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ նորմալ է. սոցցանցերում կարելի է գրել մի բան՝ հաստատ իմանալով, որ այն կարող է վիրավորել այլ մարդու։ Հաշվի առնելով բևեռացող քաղաքականությունն աշխարհում և մեր երկրում՝ պատահական չէ, որ 2015-ից այս կողմ նման մարդկանց թիվն ու գրառումների ագրեսիվությունն աճել են։
Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը մի կողմից՝ չափազանց կանխատեսելի է, մյուս կողմից՝ չափազանց խոցելի։ Հասարակությունները նախքան արտաքին թշնամուն պարտվելը՝ նախ ներքուստ են թշնամացել, բախվել ու թուլացել։ Դրա պատմական նախադեպերը շատ են՝ սկսած Հռոմեական Կայսրությունից մինչև մեր օրերը։
Որպեսզի հասկանաս, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունես, ուսումնասիրիր նրա քաղաքական բարդույթները։ Այդ իմաստով մեզանում միջնադարյան բարքեր են.
-
Իշխանություն-ընդդիմություն պայքարի նպատակը միմյանց ոչնչացնելն է քաղաքականապես ու բարոյապես։ Եթե չես հայհոյում, մրցակցիդ չես ոչնչացնում, ապա ո՛չ իրական իշխանություն ես, ո՛չ էլ իրական ընդդիմություն։
- Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին դիսկուրսն անիրականանալի երազանքներից կամ իրականությունից կտրված պատկերացումներից այն կողմ չի անցնում: Իսկ Հայաստանի շահերն առաջ տանելու մասին գաղափար առաջարկողը միանգամից դառնում է ռուսամետ, արևմտամետ, կա՛մ մեկ այլ մետ:
-
Արցախի հարցում սահմանին Ադրբեջանն է, բայց խրամատները փորել ենք մեր ներսում։ Խրամատներում են խաղաղության ու պատերազմի կուսակցությունները, հայրենասերներ ու դավաճաններ, հայրենասերներ ու էլ ավելի հայրենասերներ, դավաճաններ ու էլ ավելի դավաճաններ, զիջողականներ ու ոչմիթիզականներ։
Հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։
- Մեր երկրում հերոս ես կամ հանցագործ։
- Մեր երկրում իշխանությունը միշտ ճիշտ է կամ միշտ սխալ։
- Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։
- Մեր երկրում սիրելի արվեստագետը հետմահու է կամ արտասահմանում։
- Մեր երկրում գործարարը բարերար է կամ օլիգարխ։
Օլիգարխների մասին։ Մենք հերոսացնում ենք Հայաստանից դուրս մեծ կարողություն ունեցող մեր հայրենակցին, բայց հայրենական արտադրողին կամ գործարարին կոչում ենք ներքին թշնամի, «ժողովրդի արյունը ծծող»։ Սոցիալական արդարության առավել արդյունավետ մեխանիզմ որոնելու փոխարեն՝ քարոզում ենք, որ ոչ թե պետք է ձգտել, որ բոլորը լավ ապրեն, այլ, որ ոչ ոք լավ ապրելու իրավունք չունի, քանի դեռ բոլորը լավ չեն ապրում։ Հայտնի անեկդոտի պես՝ երբ փետրվարյան հեղափոխության մասնակցի այրին բոլշևիկներին հարցնում է՝ ինչի համար են պայքարում, պատասխանում են, որ՝ հարուստներ չլինեն։ Այրին ասում է՝ իսկ իմ ամուսինը պայքարում էր, որ աղքատներ չլինեն։
Իսկ ո՞րն է, ի վերջո, նպատակը: Ինչի՞ն հասնելու համար են սոցցանցերի հայհոյանքները, հասարակության նյարդային սնուցումները, զտումներն ու դատաստանները, հեղափոխություններն ու բարեփոխումները, իշխանություններն ու ընդդիմությունները: Այս ամենն ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի: Ո՞րն է շուրջբոլորը հեռացնելու, բաժանելու, պիտակավորելու, հեղինակազրկելու հետևանքը: Սրա հետևանքով մարդիկ ավելի լա՞վ են ապրում կամ ապրելու: Եթե այո, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերն ու այս հետևանքն իրար կապող ճանապարհ ուղղակի չկա: Մինչդեռ մարդիկ ուզում են իրականանալի երազանք: Մարդիկ ցանկանում են լավ ապրել: Ու միշտ են ցանկացել: Մարդիկ ձգտում են բարեկեցության և հայացքներն ուղղում դեպի այնտեղ տանող առաջնորդին: Տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը տանո՞ւմ է լավ ապրելու նպատակին, թե՞ պարզապես ինքնանպատակ է:
Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան