Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար կստանա «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը: Ինչպես հունիսի 14-ին հայտարարել է Վենետիկի կինոփառատոնի տնօրենությունը, պարգևատրման արարողությունը կկայանա 76-րդ միջագային փառատոնի շրջանակում, որը կանցկացվի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ տեղեկացնում է TASS-ը:

Հեղինակավոր պարգևի շնորհման մասին հայտարարության կապակցությամբ Ալմոդովարը հիշել է, որ իր միջազգային դեբյուտը 1983 թվականին հենց Վենետիկում է կայացել «Արատի անվայել հմայքը» կինոնկարով: «Ես շատ հուզված եմ ու շոյված: Ես հիանալի հիշողություններ ունեմ Վենետիկի փառատոնի մասին»,- ասել է Ալմոդովարը:

1988 թվականի հիմնական մրցույթում տեղի է ունեցել նրա «Կանայք՝ նյարդային խանգարման եզրին» ժապավենի պրեմիերան: Ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար, որը գրել է ռեժիսորը, այնուհետև «Օսկար»-ի է անվանակարգվել որպես «օտար լեզվով լավագույն ֆիլմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել