Hraparak.am-ը գրում է.

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանի հետ ինքը ծանոթացել է անցած ուրբաթ օրը՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Մինչդեռ ամիսներ շարունակ գրվում է, որ Քյարամյանը նախ ՊՎԾ պետի տեղակալ, ապա Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցնելուց հետո՝ պետ է նշանակվել Աղաջանյանի գործուն ջանքերի շնորհիվ։ «Չկա նման բան, ես ուրբաթ օրն եմ ծանոթացել իր հետ։ Ես այդ մարդուն երբեւէ մինչեւ վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ասում է Աղաջանյանը։

Հետաքրքրվեցինք, թե ճշտե՞լ է արդյոք՝ Քյարամյանը կուսակրոն քահանայի՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդի՞ն է։ Սակայն կառավարության աշխատակազմի ղեկավարը, պարզվեց, այս թեմային էլ ծանոթ չէ ու չի հարցրել։ Ի դեպ, Էդուարդ Աղաջանյանը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որը պետք է եկեղեցու վերաբերյալ նոր կանոնագիրք մշակի՝ եկեղեցին հարկելու եւ այլնի վերաբերյալ, սակայն ընդամենը մեկ նիստ է դեռեւս կայացել։ Աղաջանյանն ասաց, որ ինքն այդ մեկ նիստին էլ չի մասնակցել՝ Հայաստանից բացակայելու պատճառով, եւ չխոսեց խմբի անելիքների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել