Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական հանձնաժողովի պաշտոնավարման օրոք: Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունից պարզ է դառնում, որ.

1. Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են:

2. Փաշինյանի վերջին բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են, և Հայաստանն արդեն պատրաստ է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին՝ մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում: Սակայն այսօր ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում է, որ կողմերը պատեհ ժամանակին դիտարկելու են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն, այսինքն՝ այս հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի առաջընթաց իրականում չկա, և իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց:

3. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղ գտած գնահատականները մաքսիմալ անատամ էին և ոչինչ չասող: Զարմանալի է, որ սիրիական խնդրին վերաբերող անդրադարձը մոտ երեք անգամ ավելին է իր ծավալով, քան Արցախին վերաբերող հատվածը:

4. ԵՄ-ից ակնկալվող աջակցության ծավալը 2017-2020 թթ․ համար կավելանա ընդամենը 25 մլն եվրոյով: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան առաջին այցի ընթացքում արտահայտված մունաթի և կշտամբանքի՝ ԵՄ-ն կրկին փաստում է, որ ֆինանսավորում է ռեֆորմներ, այլ ոչ թե հեղափոխություններ:

5. ԵՄ-ն կրկին շեշտեց, որ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է իրականացվեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ամփոփելով՝ ապագայի համար ուզում եմ կարևորել երեք հանգամանք․

ա. Եվրոպական Միության հաջորդ ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի նոյեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ:

բ. Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադրումներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

գ. 2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որ Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել