Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,- ասել է Խամենեին հունիսի 13-ին Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը: Իրանի ղեկավարի խոսքը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

Խամենեին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում է այդ նպատակը, նա ի զորու չէ դա անելու, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում էին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,- ասել է Խամենեին:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չէր կարողանա խանգարել Իրանին միջուկային զենք ստանալու հարցում, եթե դա հարկավոր լիներ Թեհրանին: «Մենք դեմ ենք միջուկային զենքին, իմ ֆետվան արգելել է միջուկային զենքի ստեղծումը: Բայց գիտցեք, որ եթե մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենայինք, ԱՄՆ-ը ոչինչ չէր կարողանա անել դրա դեմ»,- նշել է Խամենեին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավասու չէ մատնանշել, թե որ երկրներն իրավունք ունեն միջուկային զենք ունենալու և որոնք՝ ոչ, քանի որ Միացյալ Նահանգներում հազարավոր միջուկային մարտագլխիկներ են պահվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել