Իշխանությունների կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին մեծ ուշադրություն դարձնելու և արտաքին քաղաքականությունը բարձիթողի վիճակում թողնելու հետևանքով Հայաստանը բավական մեծ խնդիրներ է կուտակել Ֆրասնիայի հետ հարաբերություններում, ինչի մասին հայաստանյան մամուլը գրեթե լռում է։ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվում է Ադրբեջանը, որը բավականին ակտիվորեն զբաղված է պաշտոնական Փարիզի հայամետ արտաքին քաղաքականության վեկտորը թուրք-ադրբեջանական կողմն ուղղելով, որը նրանց մոտ հաջողվում է։ 

Ըստ ազերիական ԶԼՄ-ների, որոնք հղում են տալիս Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles Armenie-ին, Գրենոբլ քաղաքի տարածքային դատարանը չեղարկել է Արցախի և 4 ֆրանսիական բնակավայրերի միջև բարեկամության մասին խարտիաները՝ համարելով, որ դրանք հակասում են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դրույթներին։ Հավելեմ, որ մայիսի 29-ին էլ Վալ դը-Ուազիի դատարանը չեղարկել է Արնուվիլ և Արցախի Մարտունի քաղաքների միջև ստորագրված բարեկամության մասին համաձայնագիրը։ 

Պաշտոնական Բաքուն ֆրանսիական դատարանների կողմից ընդունված այս որոշումները համարում է սեփական դիվանագիտության փայլուն հաղթանակ Երևանի նկատմամբ։ Ֆրանսիական դատարանների կողմից ընդունված այս հակահայկական որոշումներին որևէ կերպ չի պատասխանել Զոհրաբ Մնացականյանի կողմից ղեկավարվող գերատեսչությունը։ 

Հայաստանի հեղափոխական իշխանությունները շատ քիչ են ուշադրություն դարձնում երկրի արտաքին քաղաքականությանը, որից և օգտվում են մեր հակառակորդները։ Պաշտոնական Բաքվի համար հույժ կարևոր է «խլել» Ֆրանսիան Հայաստանից, քանի որ մինչև վերջերս Ֆրանսիան բացահայտ հայամետ քաղաքականություն է վարել և դրանով միշտ նյարդայնացրել է Բաքվին և Անկարային։ 

Հ.Գ. Թավշյա իշխանությունները ներքին թշնամիներ փնտրելու, դավադիրներին բացահայտելու և տապալված տնտեսական քաղաքականությունը գովազդելու փոխարեն լավ կլինի՝ լուրջ զբաղվեն Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, իսկ ԱԳՆ-ն էլ պատասխանի, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ֆրանսիական վերջին ձախողումները մեղմացնելու կամ ստատուս քվոն վերականգնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել